Մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 17:10-ի սահմաններում, «Ալավերդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի և որովայնի հրազենային փափածակած վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Թումանյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Գուրջանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Յուրի Բաղդասարյանի գլխավորությամբ:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:
Ու մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում վիրավորին, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նա Ճոճկան գյուղի բնակիչ, 48-ամյա Կամո Գալստյանն է, ով հրազենային վնասվածքներ է ստացել որսի ժամանակ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Կ. Գալստյանը եղել է իր ընկերոջ՝ Ախթալա քաղաքի բնակիչ, 47-ամյա Լուսակ Մաթևոսյանի հետ՝ ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով և գնացել են Ախթալա համայնքից մոտ 20 կմ հեռավորության վրա գտնվող Բենդիկ թաղամասին հարակից հանդամաս՝ իրենց պատկանող խոշոր եղջերավոր անասուններին փնտրելու, որոնք մոտ 2 օր է, հանդամասից չեն վերադարձել կացարան:
Փնտրելու ընթացքում հանդամասում նկատել են փորսուղ (չքառուկ), որի ժամանակ Կ. Գալստյանը կանգնեցրել է ավտոմեքենան, և իր մոտ լիցքավորված վիճակում գտնվող որսորդական երկփողանի ողորկափող հրացանից մոտ 15 մետր հեռավորությունից մեկ անգամ կրակել է նշված կենդանու ուղղությամբ՝ վիրավորելով նրան, այնուհետև մոտենալով կենդանուն, հրացանի փողը դեպի իր ուղղությամբ պարզած, խզակոթով հարվածել և սատկացրել է կենդանուն, որի ժամանակ կենդանուն հարվածից պատահմամբ ինքնակրակոց է տեղի ունեցել, որի արդյունքում էլ Կ. Գալստյանը ստացել է մարմնական վնասվածքներ, այդ ընթացքում հարվածից ջարդվել է նաև հրացանը:
Փաստի առթիվ Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:
Ոստիկաններն ու քննիչները՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցառումներ, Ախթալա համայնքի Շամլուղ բնակավայրի Բենդիկ թաղամասի 1-ին փողոցի թիվ 25 տան դարպասի մոտ կայանված վիճակում հայտնաբերել են Կ. Գալստյանին պատկանող Niva-ն, որի հետևի ձախակողմյան նստատեղի առջևի հատակին հայտնաբերել են 16 տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը՝ խզակոթը կոտրված վիճակում, իսկ բեռնախցիկում հայտնաբերել է սպանված փորսուղը: