Այսօր՝ հունիսի 3-ին, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի գլխավորությամբ «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտը հանրությանը ներկայացրեց երկրի առաջընթացի իր տեսլականը, գործունեության նպատակը և ոլորտները:

Նշենք, որ «Արարատյան Ալյանս» նորաստեղծ ինստիտուտը Հայաստանի և Արցախի անկախության և պետականության կայացման մեջ ներդրում ունեցող անձանց կողմից ստանձնած թիմային պատասխանատվություն է՝ ինչպես ժառանգված անցյալի և այսօրվա, այնպես էլ ապագայի հանդեպ:

Կոնֆերանսից հետո ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի հետ Հայաստանում տիրող լարված ներքաղաքական իրավիճակի մասին: Նա նշեց, որ ներկայումս հայաստանյան ներքաղաքական իրավիճակը շատ վատ է, և որ ավելի վատ է ՀՀ իշխանությունների քաղաքացիների անվտանգության հարցերով չզբաղվելը.

 
 

«ՀՀ իշխանությունը մեր հայրենակիցների գոնե էլեմենտար պահանջները չի բավարարում, այսօր կան մարդիկ, որոնք քաղցած են, տպավորություն է, թե մեր երկիրը հետ է գնում: Իշխանությունը պայմաններ չի ստեղծում նաև գործարարների համար, որևէ պայման չկա, որ գործարարը գա և ներդրում անի»,- ասաց նա:

Վերջինս նշեց, որ կդժվարանա ասել՝ «Դիմադրություն» շարժումը կհաջողի, թե՞ ոչ, բայց նաև չի տեսնում, թե այդ շարժումը ուր է տանում ժողովրդին.

«Պետք է հասկանալ, թե այդ ընդդիմությունը ուր է գնում, ենթադրենք՝ իշխանությունը վերցրեց, հետո՞, հետո ի՞նչ է անելու: Նրանց առաջ քաշած կետերը շատ հստակ են, բայց ես հարցեր ունեմ որոշ կետերի բացակայության վերաբերյալ»,- ասաց նա՝ հավելելով, որ իշխանությունը որևէ հաջողություն չի գրանցել, ընդհակառակը, իր օրոք կորցրել ենք այն, ինչ 30 տարի շարունակ պաշտպանել ենք:

Հարցին՝ արդյոք «Դիմադրություն» շարժման մեջ կա որևէ մեկը, ում տեսնում է վարչապետ, Արա Աբրահամյանն ասաց՝ ոչ.

 
 

«Միգուցե նրանց մեջ կան վարչապետներ և որպեսզի ես նրանց ասեմ, այո՛, տեսնում եմ իրենցից որևէ մեկին վարչապետի պաշտոնին, իրենք պետք է իրենց ծրագիրը ներկայացնեն, որից հետո պարզ կլինի: Անորո՞շ գան իշխանության, ես այդպես չեմ ցանկանում, մենք անորոշ իշխանության «արդյունքը» տեսել ենք»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Վերջինս հավելեց, որ չի կարող լինել մի հայ, որը Արցախը կպատկերացնի Ադրբեջանի կազմում.

«Արցախը չի եղել Ադրբեջանի կազմի մեջ, երբ մենք այդպիսի հարց ենք դնում, դա անթույլատրելի է, այդ հարցադրումով մենք ինքներս ենք Արցախը տանում մեր թշնամու կազմի մեջ»,- եզրափակեց Արա Աբրահամյանը:

 

Զվարթ Պետրոսյան