Հայաստանը, ինչպես աշխարհի մյուս բոլոր երկրները, շատ անհանգստացած է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով: Այս մասին Կատարում «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ի՞նչ ենք մենք հիմա տեսնում: Մենք տեսնում ենք աշխարհակարգի փլուզում, և ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի հաջորդ աշխարհակարգը: Իհարկե, մենք աջակցում ենք բոլոր խնդիրների լուծմանը երկխոսությամբ և խաղաղ ճանապարհով»,- նշել է վարչապետը:

Անդրադառնալով հարցին, թե Ուկրաինայում ընթացող պատերազմն ինչ հետևանք կարող է ունենալ հայկական տնտեսության վրա՝ Փաշինյանը նշել է. «Իհարկե, տնտեսության տեսանկյունից իրադրությունը մեզ համար հաճելի չէ: Բայց եթե անկեղծ լինեմ՝ առաջին եռամսյակում մենք արձանագրել ենք 8.6 տոկոս տնտեսական աճ և հույս ունենք, որ կկարողանանք պահպանել այդ դինամիկան: Ուկրաինայի դեպքերից հետո շատ մարդիկ, նաև բիզնեսներ Ռուսաստանից տեղափոխվել են Հայաստան, քանի որ մենք ունենք ընդհանուր տնտեսական գոտի. թե՛ Հայաստանը, թե՛ Ռուսաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ են»:

Փաշինյանը նկատել է, որ ոչ միայն Ռուսաստանի տնտեսական վիճակն է ուղղակիորեն ազդում Հայաստանի տնտեսության վրա, այլ նաև գլոբալ տնտեսական լարվածությունը՝ կապված սննդի մատակարարման, գնաճի և շատ այլ գործոնների հետ: «Բայց այս պահին Հայաստանի տնտեսական ցուցանիշները բավականին դրական են»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը փորձում է լինել ուղիղ, ազնիվ ու վստահելի գործընկեր Ռուսաստանի, եվրոպական ու արևմտյան գործընկերների, հարևանների համար: «Մեր պարտականությունն է՝ կառավարել այս իրավիճակն ու պահպանել պատշաճ հարաբերություններ մեր գործընկերների հետ ու չդավաճանել նրանցից որևէ մեկին»,- հայտարարել է նա: