«Ես ճիշտ եմ գնահատում պատգամավորական մանդատը վայր դնելու Վանեցյանի որոշումը, քանի որ նա հայտարարել էր, որ չի վերադառնալու խորհրդարան, և այդ դեպքում ժողովրդի կողմից տրված մանդատը պետք է մեկ ուրիշը զբաղեցնի»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ պատգամավորական մանդատից հրաժարվելուն:
Ըստ նրա՝ ընդդիմությունն էապես ազդում է ԱԺ աշխատանքի որակի վրա, և նրա բացակայությունը պերմանենտ վնասում է խորհրդարանական աշխատանքներին և մեր պետականությանը:
«Կարծում եմ՝ պարոն Վանեցյանը իր առջև դրած ամբիցիաներին չի հասնելու, քանի որ սա իր տեղը չէ, նա քաղաքականություն է մտել բավականին հասուն տարիքում, ընդ որում՝ լինելով բոլորովին այլ ծառայության մեջ: Հետևաբար՝ քիչ հավանական է, որ ժամանակի ընթացքում կարողանա դրսևորվել որպես քաղաքական գործիչ և ունենա հաջողություն: Թեև պետք է նշեմ, որ նրա նկատմամբ առանձնապես բացասական տրամադրվածություն չունեմ»,-նշեց Աղազարյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչ կարծիք ունի ՀՀԿ-ական Մարտուն Գրիգորյանի մասին, որը «Պատիվ ունեմ» խմբակցության ցուցակի հաջորդ համարն է, Աղազարյանն ասաց. «Ես նրան բացարձակապես չեմ ճանաչում, գործունեությանը ծանոթ չեմ»: