Այսօր՝ ապրիլի 12-ին, մահվան ելքով ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:

Ժամը 18:50-ի սահմաններում «ВАЗ 21-06» մակնիշի՝ 19 OO 332 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նոյեմբերյան քաղաքի Նոյեմբերի 28 փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի մեջ գտնվող 6-ից 7 տարեկան տղա երեխան մահացել է:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները, վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանի, հրամանատարի տեղակալ Մարտիկ Բալայանի, 2-րդ դասակի հրամանատար Սմբատ Նորեկյանի և ՃՈ հետաքննիչ Մխիթար Գիշյանի գլխավորությամբ:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնի Նոյեմբերյանի քննչական բաժանմունքի քննիչ Մարտին Վանյանը:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոմեքենան հաշվառված է Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ Մանվել Ղարագյոզյանի անվամբ, իսկ թե ով է վարել ավտոմեքենան, այս պահին ոստիկանությունը ճշտում է:

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է մահացած երեխայի ինքնությունը, ով Կողբ գյուղի բնակիչ 6-ամյա Սարգիս Ղարագյոզյանն էր, իսկ մեքենայի վարորդը Տավուշի մարզի Բաղանիս գյուղի բնակիչ 22-ամյա Սերգեյ Ալավերդյանն է, ում վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր: