ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է Արթուր Ալեքսանյանի անվան նոր կառուցվող մարզադպրոց՝ ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։
Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, շինարարները զեկուցել են աշխատանքների ընթացքը' նշելով, որ բետոնալցման և ամրանապատման աշխատանքներն այժմ ընթանում են մարզադպրոցի հյուրանոցային համալիրի և մարզադահլիճի հատվածներում:
Փոխնախարարի այցի պահին մասնագետներն ամրաններով գործում էին մրցումային դահլիճի տրիբունաների հիմքը, ընթանում էին պարիսպների բետոնային լիցքի աշխատանքները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի տեղեկացմամբ' նախագծը հաստատելուց և շինարարությունը սկսելուց հետո որոշվել է, որ մարզադպրոցը կունենա նաև լողավազան և հրաձգարան․ «Շինարարների հետ զրուցելուց հետո, երբ տեսանք՝ կա մի հատված, որը կարող է դառնալ հրաձգարան, որոշեցինք սկսել դրա կառուցման աշխատանքները։ Հիմա մենք ուզում ենք այստեղ լողավազան և հրաձգարան ունենալ»։
Կարեն Գիլոյանը ընդգծել է՝ Գյումրին ունենալու է մարզական ժամանակակից համալիր, որտեղ նաև միջազգային մրցաշարեր են անցկացվելու։ Հսկայական կառույցը զբաղեցնելու է շուրջ 10 հեկտար տարածք և պատրաստ է լինելու 2025 թվականին