Հայաստանում ֆրանսիական համալսարանի արտաքին կապերի եւ որակի գծով պրոռեկտոր Արայիկ Նավոյանըֆեյսբուքյան էջում գրել է․
Հարգելի' ընկերներ և գործընկերներ,
Հայտնի է, որ 2002 թվականից աշխատում եմ Հայաստանում ֆրանսիական համալսարանում, զբաղեցնում եմ արտաքին կապերի և որակի գծով պրոռեկտորի պաշտոնը: Ներկա փուլում իմ առաքելությունը համալսարանում ավարտված համարելով, այսօր աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել:
Արձանագրում եմ, որ համալսարանում աշխատանքի երկու տասնամյակները եղել են անմնացորդ նվիրումի, քրտնաջան աշխատանքի ու լուրջ ձեռքբերումների շրջան: Գոհ եմ, որ իմ էական ներդրումն ու ծանրակշիռ ավանդն ունեմ Հայաստանի լավագույն և արդիական ուսումնական հաստատություններից մեկի կայացման գործում:
Իբրև մանկավարժության դոկտոր և միջազգային գիտա-կրթական համագործակցության ակտիվ մասնակից եղել եմ համալսարանում մանկավարժական նորարարությունների կիրառման ջատագովը և մի շարք ծրագրերի հեղինակը:
Լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի միակ շրջանավարտը Հայաստանում, միշտ հոգ եմ տարել կրթական արդիական չափորոշիչների մշակման ու ներդրման, կրթության որակի մեխանիզմների ապահովման համար: Ուրախ եմ, որ այդ ուղղությամբ տարիներ շարունակ հասարակական հիմունքներով խորհրդատվություն եմ տրամադրել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը:
Հպարտությամբ եմ նշում նաև իմ կողմից միջազգային մասնագիտական հարաբերություններ վարելու արդյունքում պատկառելի ֆինանսական միջոցների ներգրավումը ընդհանրապես Հայաստանում և ի մասնավորի' Ֆրանսիական համալսարանում:
Ինձ գոհունակություն է պատճառում հումանիտար ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանը և միջմշակութային երկխության սահմանների ընդլայնմանը ուղղված երկար տարիների իմ գործունեությունը:
Իհարկե, այս ամենի արդյունքում գլխավոր ձեռքբերում եմ համարում գործընկերներիս հետ միասին համալսարանում կրթած հայորդիներով մասնագիտական բարձր որակներով օժտված կադրային բանակի ձևավորումը, որն իր ներդրումն ունի Հայաստանի շենացման, երկրի տարբեր ոլորտները արդիական ու մրցունակ դարձնելու գործում:
Շնորհակալություն եմ հայտնում համալսարանի հայ-ֆրանսիական կոլեկտիվին, Հայաստանի կրթա-գիտական դաշտի և միջազգային գործընկերներին երկարամյա արդյունավետ համագործակցության և համատեղ ուժերով շոշափելի արդյունքների ապահովման համար:
Երախտագիտություն եմ հղում նաև Հայաստանի և Ֆրանսիայի կառավարություններին, որոնք բարձր են գնահատել իմ մասնագիտական գործունեությունը և արժանացրել տարբեր պետական պարգևների:
Բնականաբար, շարունակելու եմ իմ փորձառությամբ նպաստ բերել Հայաստանի հետագա առաջընթացին և միջազգային համագործակցության զարգացմանը, բայց արդեն նոր հարթակում և նոր հանգամանքով: