Արդյոք Գագիկ Ջհանգիրյանը կկանգի դատարանի առջև՝ հրապարակված ձայնագրության և դրան իր կողմից տրված մեկնաբանություններից հետո: ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը նշեց, որ քանի դեռ մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է, ապա ո′չ Գագիկ Ջհանգիրյանը, ո′չ էլ որևէ այլ պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվի:
«Եթե դու կարողանում ես պատերազմ հրահրել, պատերազմի մենեջմենթն այնպես տանել, որ պարտվես, բայց հետո բանավոր բանակցություններով հասնես այն բանին, որ հանձնես այն, ինչը չպետք է հնձնեիր ու պատասխանատվության չենթարկվես, ապա հարց է առաջանում՝ ինչու պետք է Գագիկ Ջհանգիրյանը պատասխանատվության ենթարկվի, ինչի համար»,-նշեց Բ. Մաթևոսյանը:
Նրա խոսքով՝ այն մարդիկ, ովքեր 2018թ. ժողովրդավարությունից էին խոսում, բողոքում էին դատաիրավական համակարգից, նրանց բողոքը ոչ թե դատավորների՝ իշխանության կողմից վերահսկվելն էր, այլ այն, որ իրենք չեն վերահսկում դատավորներին:
«Ջհանգիրյանի փոխարեն ով էլ լիներ, նույն բանն էր անելու: Սա ընդամենը մեկ ձայնագրություն է, պատկերացրեք, թե որքան չհրապարակված ձայնագրություններ կան, և ինչպես են նրանք աշխատում ու, առհասարակ, վերաբերվում հասարակությանը»,-հավելեց նա:
Վերջինս ընդգծեց, որ իրավական առումով անգամ սորոսոկան թևն է քննադատել իշխանություններին Գ. Ջհանգիրյանի իրականացրած գործողությունների վերաբերյալ:
«Այնտեղ նշվում է, որ Գ. Ջհանգիրյանի խոսքում առնվազն հանցակազմ կար առ այն, որ ինքը փաստորեն կանխել է 180 քրեական գործ. այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի համար էին 2018 թ, գործողությունները, եթե հիմա այս մարդիկ եկել և որոշում են, թե ում դեմ պետք է քրեական գործ հարուցել, ում դեմ՝ ոչ: Քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կա, Ջհանգիրյանը առոք-փառոք շարունակելու է իր կենսագործունեությունը եթե ոչ ԲԴԽ նախագահի պաշտոնում, ապա, վստահ եմ, ուրիշ այլ տարբերակով՝ որպես իշխանական համակարգում ներգրավված անձ»,-եզրափակեց նա: