Երևանի քաղաքապետարանը մերժել է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության գործադիր քարտուղար Վահագն Հայոցյանի դիմումները' ապրիլի 29-ին և 30-ին Ազատության հրապարակում՝ հավաք, իսկ այնուհետև՝ երթ անցկացնելու վերաբերյալ: Փոխարենը՝ Երևանի քաղաքապետարանն առաջարկել է նույն օրերին և ժամերին տրամադրել ընդդիմության երբեմնի սիրելի հանրահավաքային մեկ այլ վայր' Մատենադարանը:

Խնդիրն այն է, որ «Ժառանգություն» կուսակցությունը հասցրել է ավելի վաղ իրազեկումներ ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ այդ երկու օրերի համար, ընդ որում, երկու կուսակցությունների դիմումների ժամերը գրեթե ամբողջովին համընկնում են. «Ժառանգությունը» հանրահավաք է կազմակերպելու ապրիլի 29-ին և ապրիլի 30-ին, ժամը 11:00-ից մինչև 23:00-ն, իսկ «ՀԱԿ»-ը ժամը 16:00-23:00-ն էր մտադիր հանրահավաք կազմակերպել: Երևանի քաղաքապետարանն էլ իր պատասխանում նշել է, թե երկու միջացառումները կխանգարեին իրար, այդ պատճառով «Հայ ազգային կոնգրեսին» այլ տարբերակ է առաջարկվել:

«Հաշվի առնելով, որ հավաքի և երթի անցկացման վայրը համընկնում է «Ժառանգություն» կուսակցության կողմից ս.թ. ապրիլի 29-ին, ժ. 11:00-23:00-ն Ազատության հրապարակում հավաքի անցկացման հետ, որի իրազեկումը ներկայացվել է ավելի վաղ, և քաղաքապետարանի կողմից ընդունվել է ի գիտություն, Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի որոշմամբ՝ սահմանվել է սահմանափակում հավաքի և երթի անցկացման վայրի նկատմամբ. առաջարկվել է հավաքն անցկացնել Մատենադարանին հարող տարածքում՝ իրազեկման մեջ նշված օրը և ժամին»,- նշված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում:

Նույնանման պատասխան է տրվել նաև Վահագն Հայոցյանի' ապրիլի 30-ին հանրահավաք անցկացնելու վերաբերյալ դիմումին: Մենք փորձեցինք Վահագն Հայոցյանից ճշտել, թե արդյո՞ք համաձայնել են քաղաքապետարանի առաջարկներին, սակայն պարոն Հայոցյանն ասաց, թե չի պատասխանում 168.am-ի հարցերին, և անջատեց հեռախոսը, իսկ «ՀԱԿ» անվանված նախկին ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը կամ չի պատասխանում հեռախոսազանգերին, կամ վերցնելիս միանգամից ասում է'զբաղված եմ:

Ի դեպ, հետաքրքրական է, որ քաղաքապետարանին ներկայացրած հայտում Վահագն Հայոցյանը ներկայացված է՝ իբրև կուսակցության գործադիր քարտուղար, այն դեպքում, երբ կուսակցության հիմնադիր համագումարը պետք է լինի ապրիլի 13-ին, որի ընթացքում էլ պետք է ընտրվի վարչությունը և գործադիր քարտուղարը:

Խմբ. կողմից. Միանգամայն հասկանալի է, որ Վահանգն Հայոցյանը չի պատասխանում լրագրողների հարցերին. նա իրեն համարում է դեռևս գոյություն չունեցող կուսակցության գոյություն չունեցող քարտուղար: Համենայնդեպս, այդպես է իրեն ներկայացրել Երևանի քաղաքապետարանին ուղղված պաշտոնական դիմումում: