Շրի Լանկայի նախագահ Գոտաբայա Ռաջապակսան պետք է հրաժարական տա։ Համապատասխան որոշումն ընդունել են երկրի քաղաքական կուսակցությունների առաջնորդները խորհրդարանի նախագահ Մահինդա Յապի Աբեյվարդենայի հետ արտակարգ հանդիպման շրջանակում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Newswire պորտալին հղումով։
Հրատարակության տվյալներով՝ հանդիպմանը Շրի Լանկայի խորհրդարանը Ռաջապակսային կոչ է արել լքել իր պաշտոնը։
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել պետության ղեկավարի՝ ինքնաթիռով երկիրը լքելու փորձերի մասին։ Նախագահի քարտուղար Գամինի Սենարաթի խոսքերով՝ հայտնի չէ, թե ներկայումս որտեղ է գտնվում Ռաջապաքսան։
Հուլիսի 9-ին քաղաքական ակտիվիստները Կոլոմբոյում երթ են սկսել ընդդեմ կառավարության՝ Շրի Լանկայի տնտեսական ճգնաժամի պատճառով։ Հազարավոր մարդիկ դուրս են եկել մայրաքաղաքի փողոցներ։ Արդյունքում՝ ցուցարարները կարողացել են ներխուժել Ռաջապաքսայի նստավայր։
Շրի Լանկան բախվում է 1948 թվականի անկախությունից ի վեր իր ամենավատ ֆինանսական ճգնաժամին: Պետությունը չի կարողանում վճարել վառելիքի ներկրման համար, ինչի պատճառով՝ մատակարարները հրաժարվում են նավթը կղզի առաքել։