Միացյալ Նահանգները մեծապես նպաստում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ինչը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա։ Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտարարության մեջ, գրում է «Ամերիկայի ձայնը»։
«ԱՄՆ պետքարտուղարությունը, ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հարցմանը հայ-թուրքական առաջնոդների հեռախոսազրույցի ու երկրների միջև ընթացող երկխոսության մասին, իր աջակցություն է հայտնել «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը»,֊հայտնել են ԱՄՆ պետքարտուղարության մամլո ծառայությունից։
«Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, որը դրականորեն կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը, զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: Այն հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով ռուս֊ուկրաինական պատերազմը: ՄիացյալՆահանգները պատրաստակամ է աջակցել այս կարևոր երկխոսությանն այնպես, ինչպես երկու կողմերը կհամարեն պատշաճ»,- նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում:
Ինչպես հայտնի է, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 11-ին հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Կուրբան Բայրամի, իսկ Էրդողանն իր հերթին՝ գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Նրանք երկուստեք կարևորել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացը, որը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։