Հայաստանի իշխանությունների քաղաքական որոշման հետևանքով այսօր կրկին հայ սպանվեց, այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Արմեն Գրիգորյանը սպանվեց այս իշխանությունների ձեռքով, նրանց կամակատար քննիչի, դատավորի և դատախազի անմիջական մասնակցությամբ»,– ասաց նա։

Սաղաթելյանը նշեց, որ իշխանությունը զավթած մարդիկ շարունակում են խոնարհվել թշնամու առաջ, իսկ երկրի ներսում կալանավորում և հետապնդում են նրանց, ովքեր պայքարել և պաշտպանում են Արցախն ու Հայաստան։ Սաղաթելյանի խոսքով՝ դրա վառ ապացույցը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելելն էր, մարդ, որը ողջ կյանքում պայքարել է հանուն Հայաստանի և Թուրքիայի ժխտողական քաղաքականության դեմ։

«Սա հստակ թուրքական իշխանությունների պահանջն է, չեզոքացնել, մեկուսացնել բոլոր այն հայերին, որոնք պայքարել և պայքարում են Հայաստանի համար»,– ասաց նա։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ այս պրոցեսներին զուգահեռ շարունակվում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ այս հարաբերություններում Թուրքիայի կողմից կան հստակ ձևակերպված պահանջներ, որոնց մեծ մասն արդեն իրականություն են փորձում դարձնել, դրանք արցախյան ճակատում զիջումներն են։

«Սեղանին դրված են մյուս երկու հստակ պահանջները․ առաջին՝ Հայաստանը ճանաչի Թուրքիայի ներկայիս սահմանները, երկրորդ՝ հրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացից»,– ասաց նա՝ հավելելով, որ հանդիպումների ակնհայտորեն քննարկում են հենց այս հարցերը, և ՀՀ իշխանություններն ընդունել են բոլոր այս պահանջները։

Իշխան Սաղաթելյանը նշեց, որ Թուրքիան շարունակելու է հայերին կոտորել, քանի դեռ այս իշխանությունները շարունակում են մնալ իշխանության, քանի դեռ ԱԺ–ում կան իշխող ուժի հովանավորությունը վայելող օլիգարխներ։

«Հայ ժողովուրդը ծնկի չի եկել, ծնկի են եկել այս սրիկաները, և մեր պարտության պատճառը ոչ միայն աշխարհաքաղաքական իրավիճակն է, ոչ միայն այն էր, ինչ կար, այլ՝ գլխավորաբար դավաճան, սրիկա իշխանությունը, որին պետք է հեռացնենք»,– ասաց նա։

«Այս սերիական մարդասպանի վերջը պետք է տանք։ Մենք անցած անգամ ասում էինք, որ վրաերթից սպանված կինը պետք է լինի Նիկոլի վերջին զոհը։ Ցավոք, մենք չենք կարողացել դեռ կասեցնել ու ունեցանք նոր սպանված։ Մեր հասարակությունն արդեն անտարբեր է դարձել օրական մահերին, երեկ սահմանին կրկին զինվոր ենք կորցրել։ Այս մարդը մահվան, պարտության, պատերազմի խորհրդանիշ է։ Մենք այլ տարբերակ չունենք, պետք է հասնենք նրա հեռացմանը»,– ասաց նա։