Ամփոփելով այս տարվա ընդունելության քննությունների արդյունքները՝ պետք է արձանագրել, որ դիմորդների քանակի առումով դրանք առանձնապես չեն տարբերվում նախորդ տարիներից:
Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում նշեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, ընդհանուր առմամբ, վերջին տարիներին դիմորդների թիվը նվազել է: Եթե նախկինում՝ 6-7 տարի առաջ, կար 19-20 հազար դիմորդ, ապա վերջին մի քանի տարիներին դիմորդների թիվը չի գերազանցում 12-13 հազարը:
«Արդեն հնացել է այն տեսակետը, թե դպրոցների շրջանավարտների մեծ մասը բուհ է ընդունվում: Այժմ բուհ է ընդունվում նրանց 30 տոկոսը»,-նշեց նա:
Խոսելով պատճառների մասին՝ ասաց, որ դրանք տարբեր են:
«Հիմնական պատճառը հանրակրթության տարիներին առկա ցածր առաջադիմությունն է՝ տարրական գրագիտություն չունենալը, երկրորդ պատճառը' ֆինանսական հնարավորությունների պակասը, իսկ երրորդ պատճառը բարձրագույն կրթության արժեզրկումն է»,-նշեց կրթության փորձագետը:
Նրա խոսքով՝ այսօր մենք հասել ենք մի իրավիճակի, որ արդեն Խաչատուր Աբովյանին անվան մանկավարժական համալսարանը հատկապես բնագիտական բաժիններում մեծ խնդրի առջև է կանգնել, դիմորդ չկա:
«Ամենավատ վիճակը այսօր գիտությունների և մանկավարժության բաժիններում է. պարադոքսն այն է, որ մենք 12 տարի դպրոցում երեխաներին սովորեցնում ենք այդ գիտությունները, բայց նրանք դրանք չեն ընտրում՝ որպես մասնագիտություն: Այս պահի դրությամբ մանկավարժականի բնագիտական 4 առարկաների բաժիններ ոչ ոք չի ընդունվել: Միակ հույսն այն է, որ մնացած բուհերից դուրս մնացած դիմորդները կընդունվեն այդ բաժինները, սակայն հասկանալի է, որ նրանք մանկավարժ դառնալ չեն ցանկանում: Պատկերացրեք, թե ինչ է սպասվում մեզ. մենք պետք է խոսենք ոչ թե ուսուցիչների որակի, այլ բացակայության մասին»,-ահազանգեց մասնագետը:
Ըստ նրա՝ մեռնող մասնագիտական ուղղություններից է աշխարհագրությունը:
«Այս ուղղվածությամբ առավել հետաքրքրված են մարզերի դիմորդները, բայց նրանք էլ ֆինանսական խնդիրների պատճառով չեն դիմում: Հարկ է մտածել նրանց աջակցելու մասին: Աշխարհագրությունը կործանվում է Հայաստանում, որի գծով թեՙ մանկավարժական և թեՙ պետհամալսարան դեռ ոչ ոք չի դիմել, անգամ պետպատվերով տեղեր թափուր տեղեր կան: Եթե այսպես շարունակիվի, աշխարհագրությսն ուսուցիչները կարմիր գիրք կմտնեն»:
Պատկան մարմինների աշխատանքը գնահատելիս նա նշեց, որ վերջիններս արդեն 6 տարի է չեն կարողանում բարձրագույն կրթության մասին օրենք ընդունել, թեև դա փրկություն չի համարում:
«Կարծում եմ՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունն այժմ մտածում է բուհերի օպտիմալացման մասին, քանի որ թեՙ Ագրարային, թեՙ Մանկավարժական, թեՙ Ճարտարագիտական համալսարանը լրջագույն խնդիրներ ունեն դիմորդների թվի ապահովման հետ կապված: Կառավարության ծրագրում կա մինչև 2026թ. ակադեմիական քաղաք ստեղծելու նախագիծ, որի ներքո բուհերը կմիավորվեն ու դրանց մի մասը, հավանաբար, Երևանից դուրս կտեղակայվի:
Պետք է նշեմ նաև, որ բուհերի միավորումը շատ տխուր բանի մասին է խոսում, այն մասին, որ նախարարությունը չի կարողանում կրթական այնպիսի որակ ապահովել, որ դիմորդների թվի աճ ապահովի»,-եզրափակեց Խաչատրյանը: