Վանաձորի ավագանու անդամ, «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Վահե Դոխոյանը գնում է ծառայելու ՀՀ Զինված ուժերի կազմում՝ եռամսյա հավաքներին մասնակցելու շրջանակներում:
«Իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարությունները ընդդիմադիր ակտիվ գործունեությամբ աչքի ընկնող և հայրենիքի ճակատագրով մտահոգ քաղաքացիներին սահման ուղարկելու մասին, ինչպես նաև ներկայում վարժական հավաքներում ընդգրկված անձանց մեջ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների չափազանց մեծ քանակը վկայում են բանակ ուղարկելով ընդդիմադիր քաղաքացիներին «պատժելու» և այլակարծությունը ճնշելու իշխանավորների ցանկության մասին: Սա է այսօրվա իշխանության վերաբերմունքը ՀՀ զինված ուժերին, հայոց բանակին և հայ զինվորին, և հենց այստեղ է գլխավոր տարբերությունը մեր և իրենց միջև…
Սիրելի՛ ընկերներ, ես և իմ բազմաթիվ ընկերները ՀՀ զինված ուժերում ծառայելը մեր պարտքն ենք համարել դեռ տարիներ առաջ պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելիս, 2020թ. «Հայրենիք» զորախմբի կազմում 44-оրյա պատերազմին մասնակցելու համար կամավորագրվելիս և մեր պարտքն ենք համարում հիմա՝ եռամսյա վարժական հավաքների մեկնելիս:
ՀՀ օրենսդրության և զինվորական կանոնագրքին համապատասխան՝ ծառայությունս իրականացնելու արդյունքում վերադառնալու եմ քաղաքացիական կյանք ավելի ուժեղ և հաստատակամ, մեր երազած Հայաստանի համար ապրելու և աշխատելու անկոտրուն վճռականությամբ:
Բարի և խաղաղ ծառայություն սահմանին կանգնած բոլոր զինծառայողներին», - Facebook-ի իր էջում գրել է Դոխոյանը։
«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը բարի ծառայություն է մաղթել կուսակցին։