Սոչիում այսօր նախանշված է Պուտին-Էրդողան հանդիպումը․ Կրեմլում չեն բացառել, որ ի թիվս այլ հարցերի՝ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները կանդրադառնան ԼՂ-ում իրավիճակի վերջին սրացմանը։ ԼՈՒՐԵՐ․com-ի այն հարցին, թե արցախյան հիմնախնդրի համատեքստում ի՞նչ ակնկալել Պուտին-Էրդողան առաջիկա հանդիպումից, թուրքագետ, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը նկատեց․
«Առաջին հերթին պետք է արձանագրենք, որ Ղարաբաղի հարցը, ինչպես նաև տարածաշրջանային այլ հարցերը վերածվել են ռուս-թուրքական օրակարգի մասի, և մինչ այդ գոյություն ունեցող միջազգային տարբեր ձևաչափերը, չնայած դե յուրե մնում են կամ հարաբերականորեն մնում են մնալ, օրինակ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, բայց, դե ֆակտո, ըստ էության, չունեն քաղաքական այն նշանակությունը, որն ունեին մինչ այդ»։
Այս իրողությամբ պայմանավորված, ըստ թուրքագետի, խնդիրը վերածվել է երկկողմ՝ ռուս-թուրքական, երբեմն էլ եռակողմ՝ Ռուսաստան-Թուրքիա-Իրան հարաբերությունների օրակարգի։
«Տրամաբանական է, որ Թուրքիան և Ռուսաստանը ԼՂ խնդիրը տարբեր ձևաչափերով քննարկելու են։ Չմոռանանք նաև, որ 2020 թ․ նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությամբ Մոսկվան ու Անկարան ունեն նաև դիտորդական որոշակի գործառույթներ իբրև թե խաղաղություն ապահովելու համար։ Հիմա, խաղաղությունը խախտվել է Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերով, հետևաբար, տրամաբանական է նաև, որ այս խնդիրը պետք է քննարկվի»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Ռուբեն Մելքոնյանը շեշտեց, որ Թուրքիան և Ադրբեջանը կոպտորեն ոտնահարել են Ռուսաստանի ստանձնած խաղաղապահ գործառույթները, այդպիսով հարված հասցնելով Մոսկվայի՝ ԼՂ-ում ունեցած խաղաղապահ առաքելության հեղինակությանը։ Թուրքագետի պնդմամբ, այդ ամենի մասին է վկայում ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրությունը, թե Բերձորում և Արցախի այլ տարածքներում ով է խախտել հրադադարի ռեժիմը, ինչ զինատեսակներ են կիրառվել և այլն։
«Ենթադրում եմ, որ այս բոլոր հարցերը Ռուսաստանը ուղիղ քննարկելու է Թուրքիայի հետ»,-նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ զուգահեռաբար խնդրահարույց է դառնում նաև ՀՀ ներկայիս իշխանությունների վարքագիծը, որն, ըստ Մելքոնյանի, անկեղծ չէ իր հասարակության ու միջազգային դաշնակիցների, այդ թվում նաև՝ Ռուսաստանի հետ։
Արա Ալոյան