Հարավային Կովկասում տիրող Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին «Լուրեր»-ի հարցին ի պատասխան՝ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
«Օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու կողմերին ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը: Վերահաստատում ենք բոլոր հարցերի կարգավորման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան: Դա վերաբերում է նաև Լաչինի միջանցքի իրավիճակին, որը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով, որը նախատեսում է, որ կողմերի համաձայնեցմամբ՝ մոտակա երեք տարում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին պետք է հաջորդի ռուսական խաղաղապահ առաքելության վերատեղակայումը՝ այդ երթուղին պաշտպանելու համար», - ասել է Նեչաևը:
Դիվանագետը նշել է՝ ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայկական ու ադրբեջանական կողմերի հետ: Նեչաևը հիշեցրել է օգոստոսի 2-ին և 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցների, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումների մասին:
«Բոլոր վերոնշյալ հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը խորհրդակցությունների առարկա են՝ ադրբեջանական ու հայկական կողմերին գոհացնող լուծումներ գտնելու նպատակով»,- հայտնել է դիվանագետը՝ նշելով, որ քննարկումների մանրամասները չի կարող հայտնել: