Ցավալի է, բայց փաստ․ նույնիսկ Աղավնոյի, Բերձորի և հավաքական իմաստով՝ Արցախի շուրջ տեղի ունեցող վերջին մտահոգիչ իրադարձությունները հանրության լայն շերտերին այդպես էլ չեն արթնացնում և սա արդեն իշխանություն-ընդդիմություն, ներկաներ-նախկիներ հակասությունների տիրույթից, հավատացեք, դուրս է։ Սա հանրային համատարած թմբիրի մասին է վկայում։

«Ցավոք սրտի, այո՛, այն ինչ այսօր կատարվում է Արցախի և Հայաստանի շուրջ, այն ինչ կատարվում է մեզանից յուրաքանչյուրի շուրջ՝ հասարակության շատ փոքր սեգմենտին է մտահոգում, հուզում։ Շատ երկար եմ փորձել հասկանալ հասարակական այս ապատիայի կամ ավելի շուտ այս համատարած դեգրադացիայի հոգեբանական մոտիվները և շատ տխուր եզրահանգման եմ հանգել»,-ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Նրա կարծիքով, որպես ազգ՝ մենք կորցրել ենք ինքնապահպանման մեր բնազդը, մեր նարատիվներն ու իբրև ժողովուրդ՝ ապրելու մեր հավաքական իմաստը։

«Եվ ինչքան էլ մեծ-մեծ խոսենք, մեծ արժեքներից խոսենք, թե երբ մենք քաղաքակրթություն ունեինք, եվրոպացիները կամ, չգիտեմ՝ ովքեր, «ծառերի վրա էին», այսօր մենք տեսնում ենք հասարակության մի զգալի սեգմենտ տգետ, անկիրթ, չար, չստացված, նեգատիվ է, ով կենսական էներգիա է ստանում բացառապես ատելությունից, չարությունից, կործանումից, ողբերգությունից և պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ հենց էդ բացասական կոդերով»,- նկատեց մեր զրուցակիցը։

Նաիրա Զոհրաբյանի պնդմամբ, Փաշինյանն ու իր թիմը իշխանության եկան, այսպես կոչված, ֆեյք օրակարգերով, դագաղներով, «սև ժապավեններով», գիլյոտիների ու կախաղանների, թալանածը իբր ժողովրդին վերադարձնելու կեղծ կարգախոսներով ու խոստումներով։ Եվ հասարակությունն, ըստ նրա, ցավոք այլևս միավորվում է նմանօրինակ երևույթների, անեծքների ու նզովքների գաղափարաբանական ընկալումների շուրջ։

«Այս չորս տարիների ընթացքում, Հայրենիք, տուն, եկեղեցի, Հայաստան, Արցախ գաղափարները, ցավոք սրտի, մղվեցին ետին պլան։ Իսկ ի՞նչ անել, այս պահին, այս համատարած ապատիայի ու դեգրադացիայի պայմաններում ես լուծում չունեմ։ Նաև չեմ հավատում այն թեզին, թե, իբր, մարդիկ կամ հասարակությունը կարող են սթափվել, երբ ողբերգությունը հասնի իրենց դռանը․ եթե նույնիսկ ողբերգությունը հասնի, օրինակ, Երևան՝ Տերյան փողոց, նման դեգրադացիայի մեջ ապրող մարդը կնախընտրի գաղթել քան պայքարել»,- նշեց ընդդիմադիր գործիչը։

Զոհրաբյանը նշեց, որ ինքը չի հորդորի մարդկանց գնալ և թույլ չտալ Աղավնոյի հանձնումը, որովհետև, ըստ նրա, ՀՀ քաղաքացիներն այլևս չունեն Հայաստանի և Արցախի իշխանությունների պաշտպանությունը, իսկ դա կնշանակի մարդկանց ուղարկել մեռնելու բայրաքթարների տակ։

Զրուցեց՝ Արա Ալոյանը