Ադրբեջանի ԱԳՆ-ն հայերին մեղադրում է Բերձորի և մյուս հատվածներում անտառային հրդեհներ հրահրելու, հայաթափվող բնակավայրերում լքված տներն այրելու մեջ, նաև քրգործ է հարուցել ու այդ ամենի մասին տեղեկացրել միջազգային կառույցներին։
ԼՈՒՐԵՐ․com-ի հարցին, թե պաշտոնական Ստեփանակերտը կամ Արցախի խորհրդարանը պատրաստվո՞ւմ է, արդյոք, պատասխանել Բաքվի մեղադրանքներին, ԱՀ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց հետևյալը․
«Անկեղծ ասած, տեղյակ չեմ, թե կոնկրետ ինչ են պատրաստվում անել մեր իշխանությունները, ԱԳՆ-ն գուցե ինչ-որ կերպ կարձագանքի։ Մեկ բան ակնհայտ է, որ սա Բաքվի կողմից տարվող կայուն գիծ է, այսինքն՝ միջազգային հանրությանը ուզում են ամեն կերպ ցույց տալ և պահը չկորցնել ցույց տալու համար, թե հայկական հողերն իբր պատմականորեն իրենց են պատկանում»։
Արցախցի խորհրդարանականը հենց դրանով է պայմանավորում, որ ցանկացած նման գործողություն Ադրբեջանը համարում է իր դեմ ուղղված, քանզի, ըստ Հակոբյանի, իրեն համարում է հայկական տարածքների տերը։
«Սա իրականում Ադրբեջանի զավթողական, մարդասպանական քաղաքականությունն է, որ իրենք իրականացնում են և միշտ են փորձել իրականացնել։ Եվ հիմա իրենց համար այնպիսի շրջան է, երբ իրենց ձեռքերն ազատ են, այսինքն՝ աջակցություն ունեն Հայաստանի իշխանություններից, բնականաբար, Արցախի իշխանություններն լինելով կամակատար, հետևաբար՝ աջակցություն ունեն նաև այդ տեղից»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Այդուհանդերձ, Մետաքսե Հակոբյանը չի հավատում, որ հային հարիր կամ բնորոշ է նման գործողություններ անելը, թեպետ նման դրսևորումներն էլ, ըստ նրա, կարող են բխել հուսահատությունից, հայրենի տան ու հողի կորստյան ցավից, ինչպես նաև պետական պաշտպանության բացակայությունից։
Արա Ալոյան