ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նախօրեին հայտնեց, որ այս տարվանից հանրապետության որոշ դպրոցներում կդասավանդվի վրացերեն լեզուն: Նախարարի խոսքով, վրաց լեզուն կուսումնասիրվի ՀՀ սահմանամերձ և ոչ սահմանամերձ դպրոցներում։
Ի՞նչով է պայմանավորված հենց այս փուլում նման որոշումը, և ի՞նչ հեռանկարներ է բացում այդ ամենը մեզ համար։
Մեկնաբանելով փաստը՝ վրացագետ Ջոնի Մելիքյանը միանշանակ պնդում է՝ հարակից երկրների լեզուների ուսուցումը միշտ էլ կարևոր է հարևան երկրների մասին ավելի խորը իմանալու, ինչպես նաև ավելի շատ լեզուների տիրապետելու առումով։
«Այս փուլում նման որոշման պատճառն, իմ կարծիքով, Վրաստանի հետ Հայաստանի ունեցած բարիդրացիական սերտ հարաբերություններն են, առևտրատնտեսական ակտիվ կապերը, զբոսաշրջային հետաքրքրությունները և այլն»,-ԼՈՒՐԵՐ․com-ի զրույցում ընդգծեց Մելիքյանը։
Մեր զրուցակցի պնդմամբ, Վրաստան մեկնող մեր բազմաթիվ քաղաքացիներ, ուսումնասիրելով վրացերենը, կկարողանան ինքնուրույնաբար լուծել իրենց այս կամ այն հարցերը՝ թե՛ գործարար շփումներում, թե՛ սովորական այցելությունների և այլ դեպքերում։
«Սա քաղաքական բարի ժեստ է, որը միանշանակ կբարելավի երկու բարեկամ երկրների հարաբերությունները։ Չմոռանանք, որ Վրաստանում ունենք հայկական մեծ համայնք, հայկական դպրոցներ և այլն»,- նշեց վրացագետը՝ հիշեցնելով, որ վրացերեն լեզվի ուսումնասիրման առանձին փորձ ՀՀ կրթական միջավայրում երկար տարիներ կիրառում է Երևանի «Մխիթար-Սեբաստացի» կրթահամալիրը։
Անդրադառնալով արդեն Վրաստանում հայոց լեզվի դասավանդման, հայկական դասագրքերի հետ կապված խնդիրներին, ինչպես նաև հարևան երկիր հայկական գրականություն ուղարկելու հետ կապված որոշակի սահմանափակումներին, Ջոնի Մելիքյանն ասաց.
«Վրաստանում հայ մասնագետների, հայոց լեզվի ուսուցիչների խնդիր, իսկապես, կա։ Բացի այդ, հայ գրականություն ուղարկելու մասով ևս խնդիրներ կան, չնայած որ բոլոր անցակետերում է այդպես։ Այնուամենայնիվ, այս ու բոլոր խնդիրները երկու պետությունների կառավարությունների, պատկան նախարարությունների մակարդակում լուծվելիք հարցեր են, որը վստահ եմ առաջիկայում լավատեսության հիմք կտան»։
Արա Ալոյան