Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան նպաստում են կառավարությունների, տարածաշրջանների ներկայացուցիչների պարբերական փոխայցելություններն ու ակտիվ քննարկումները:

Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման հստակ օրակարգ, որի իրականացման ուղղությամբ երկու երկրները շարունակում են սերտորեն համագործակցել:

Ալեքսանդր Բուրկովն, ի դեպ, ՌԴ առաջին նահանգապետն է, որ հինգ տարվա ընդմիջումից հետո աշխատանքային այցով ժամանել է Հայաստան․ սա, անկասկած, վկայում է այդ մարզի և անձամբ նահանգապետի՝ Հայաստանի ու հայերի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին։

Բուրկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ՌԴ նախագահը ևս բազմիցս նշել է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևորությունը, ուստի իրենք շահագրգիռ են էլ ավելի ընդլայնելու կապերը մեր երկրի մարզերի հետ: Օմսկի նահանգապետի խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ: Հեռանկարային են համարվել փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, արդյունաբերության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Հայաստան կատարած այցի շրջանակում Ալեքսանդր Բուրկովը հանդիպել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ․ կողմերը նախատեսում են համագործակցել հումանիտար ոլորտում, Օմսկի Ֆ․Մ․Դոստոևսկու անվան պետական համալսարանն (OմՊՀ) արդեն պայմանագիր է կնքել Երևանի Վ․Բրյուսովի անվան լեզվաբանական և սոցիալական գիտությունների պետհամալսարանի հետ։

ՕմՊՀ-ն մտադիր է համագործակցության պայմանագիր կնքել նաև Գավառի պետական համալսարանի հետ․

«Կրթության մասով, առաջին հերթին, խոսել ենք լեզուների վերապատրաստման մասին, այն է՝ հայոց լեզվի ուսուցումը Օմսկի նահանգում և դպրոցներում ռուսերեն դասավանդող Հայաստանի մասնագետների որակավորման բարձրացումը»,-նշել է նահանգապետ Բուրկովը և հավելել,-«Բացի այդ, քննարկել ենք ինժեներների վերապատրաստման հարցը»։

Նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել հայկական ավանդույթների և լեզվի պահպանման հարցում Օմսկում կատարված աշխատանքը։ Ալեքսանդր Բուրկովն առաջարկել է իրականացնել նաև մշակութային փոխանակման ծրագիր․

«Պատրաստ ենք արդեն այս աշնանը Մերձիրտիշում ջերմ ընդունելություն կազմակերպել հայ արտիստներին»,-վստահեցրել է նահանգապետը։

«Հայաստանի և Օմսկ նահանգի միջև տնտեսական և հումանիտար համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովի շրջանակում էլ հանդիպել են ՀՀ և Օմսկի մարզային իշխանությունների անդամները, բիզնես շրջանակների և կրթական հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրային հարցերով ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ Քննարկվել են համագործակցության հարցերի լայն շրջանակ, ձեռք բերվել պայմանավորվածություններ։

Աշխատանքային ծրագրի կազմակերպիչները նշել են, որ Օմսկի պատվիրակության այցը կարող է դառնալ իր տեսակի մեջ էտալոն հետագա այդպիսի հանդիպումների նախապատրաստման ժամանակ։

«Երկար տարիներ կապ ենք պահում Օմսկ նահանգի, անձամբ նահանգապետի և նրա թիմի, կառավարության և տեղի հայկական սփյուռքի հետ։ Համագործակցության հսկայական չիրացված ներուժ եմ տեսնում Հայաստանի և Օմսկի նահանգի միջև։ Նախատեսում ենք ստորագրել աշխատանքային ծրագիր՝ մարզերի միջև։ Հետագա փոխադարձ այցելությունների հույս ունենք՝ թեկուզ 3 ամիսը մեկ պարբերականությամբ, որպեսզի մեկ տարի անց ոչ թե պարզապես ինչ-որ բանի մասին խոսենք, այլ հանրայնացնենք կատարված աշխատանքի արդյունքները»,- նշել է աշխատանքային ծրագրի կազմակերպիչներից Յուրի Նավոյանը, որը ՌԴ-ում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահն է։

Հավելենք, որ «Դիալոգ»-ը բավականին մեծ աշխատանք է տանում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման, զարգացման և խորացման հարցում, հանդես բերելով այսօրինակ կարևոր նախաձեռնություններ, համագործակցության տարատեսակ ծրագրեր և այլն։