Տպավորություն է, թե ՀՀ գործող իշխանությունները հետևողականորեն քաղաքականություն են վարում ոչ միայն Արցախից, Արցախի հիմնահարցից ձերբազատվելու, այլև հայկական մեծ Սփյուռքի հետ առնչությունները նվազեցնելու ուղղությամբ։ Փաստերը շատ են, մտահոգությունները՝ նույնպես։ Նախ, այդպես էլ չհիմնավորվեց, ողջամիտ պարզաբանում չտրվեց, թե ինչու լուծարվեց Սփյուռքի նախարարությունը, այն դեպքում, երբ հայկական սփյուռքի մեր հայրենակիցների թիվը գրեթե 5 անգամ ավելին է, քան բուն Հայաստանի բնակչությունը։ Գերկարևոր այդ գերատեսչության փոխարեն այժմ ունենք Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակ, որը, ժողովրդական հայտնի հեքիաթի պես, անունը կա, ամանումը՝ չկա։
Կառավարող վարչախումբը, ըստ էության, հրաժարվել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից, այժմ էլ Անկարայի հետ «սիրախաղի» պայմաններում, պաշտոնական Երևանն առավելագույնս զգուշավորություն է դրսևորում հայկական սփյուռքի հետ առնչությունից, լավ իմանալով, թե ինչ անդրդվելի համոզում ու դիրքորոշում ունեն սփյուռքահայերը նույն Արցախի և ցեղասպանության դատապարտման, ճանաչման հարցում։
«Կասկած չկա, որ Հայաստանի այս իշխանություններն ամեն փորձ անում են, որպեսզի սփյուռքի հետ հարաբերությունները շատ իմաստով նսեմանան կամ նվազեն, և դա, այո՛, իրենց քաղաքականությունն է»,-ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց Իսրայելում բնակվող հասարակական գործիչ Սերոբ Սահակյանը։
Հասարակական գործչի խոսքով, այդ քաղաքականությունն առավելապես դրսևորվում է սփյուռքի այն հատվածի, հատկապես՝ դաշնակցականների նկատմամբ, որոնք հայտնի են իրենց անկախական, ազգային գաղափարախոսությամբ։
«Վերջին հաշվով սփյուռքի այդ հատվածը, ՀՅԴ-ն, խոչընդոտ է Թուրքիայի հետ հայաստանյան իշխանությունների ներկայիս «սիրաբանության» ընթացքին։ Մինչդեռ ազգային ուժերի այս առողջ հատվածը, այսպես կոչված՝ «ոչմիթիզականները» շարունակելու է պայքարել, որքան հնարավոր է՝ խոչընդոտել Հայաստան-Թուրքիա այդ գործընթացին»,-նշեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերվում է Հայաստանի խորհրդարանական ընդդիմության հայտարարած պայքարի նոր փուլին՝ սեպտեմբերի 2-ին նախանշված հանրահավաքի միջոցով, Սերոբ Սահակյանը նկատեց․
«Ես դեռևս մեծ հույսեր չեմ կապում այդ ցույցերի հետ։ Կարծում եմ՝ ցույցերը, հանրահավաքները որևէ արդյունքի չեն բերի, որովհետև դրանք պայմանավորված են ոչ թե ընդդիմության կարողականության, այլ հայաստանցիների զգալի մասի անտարբերության հետ։ Հասարակության այդ հատվածի համար, փաստորեն, նշանակություն չունի ոչ Շուշին, ոչ Բերձորը, Սյունիքը և այլն»։
Երուսաղեմահայ գործչի համոզմամբ, այդուհանդերձ, պետք է բոլոր ջանքերը, բոլոր միջոցները գործադրել՝ իշխանությունների հակազգային ծրագրերը խափանելու համար։
Արա Ալոյան