Շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի կազմակերպման կարգը (սահմանվում է ՀՀ կառավարության 2019թ. նոյեմբերի 21-ի N1667-Ն որոշմամբ և ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 31-ի N 426-Ն որոշման Հավելվածով)։
Սևանա լճում արդյունագործական նպատակներով ձկան և խեցգետնի որս իրականացնել ցանկացողները (այսուհետ՝ հայտատու) լիազոր մարմին են ներկայացնում պայմանագիր կնքելու մասին հայտ՝ նշելով՝
1) հայտատուի տվյալները (իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը).
2) ձկան և խեցգետնի տեսակը.
3) չափաքանակը.
4) օգտագործման ենթակա տարածքը (տեղադիրքը).
5) օգտագործման ժամանակահատվածը.
6) որսամիջոցները.
7) ձկնորսության նպատակով օգտագործվող լողամիջոցի տեսակը և նկարագիրը. ձկնորսների քանակը և անձնագրային տվյալները։
Փաստաթղթերը կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:
Հայտերը ներկայացվում են յուրաքանչյուր տարի շրջակա միջավայրի նախարարության կայքէջում http://env.am համապատասխան հայտարարությունը տեղադրելու օրվանից 10 օրվա ընթացքում:
ԴԻՄՈՒՄԻ և ՀԱՅՏԻ ձևեր՝ https://bit.ly/3ToLK3L (կցված են)
«Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նոր կարգավորումներով արդյունագործական նպատակով օգտագործման իրավունքը վերապահված է միայն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատեր հանդիսացող անձանց։
Հիշեցնենք, որ Սևանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման ժամկետը սահմանված է մինչև սույն թվականի սեպտեմբերի 5-ը։