Հայաստանը գտնվում է աննախադեպ խորքային ճգնաժամի մեջ․ դա առաջին հերթին ինքնության ճգնաժամ է, և դրանից ածանցյալ արդեն՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և այլն։

Անդրադառնալով ներքաղաքական վերադասավորումներին, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Իրականում, այս իշխանությունն օր օրի է ամրապնդում իր դիրքերը՝ ունենալով լեգիտիմություն և նաև ապահովել իր լեգալությունը (օրինականությունը)։ Ի դեպ, լեգիտիմության ու լեգալության հարցում նրան մեծապես աջակցում է մեր ներկայիս ընդդիմությունը կամ կարող ենք ասել պառլամենտական ընդդիմությունը կամ «տիտղոսակիր» ընդդիմությունը, նաև նրանք, որոնք փաստացի աջակցում են խորհրդարանական ընդդիմությանը»,-նշեց մեր զրուցակիցը։

Նրա խոսքով, առաջիկայում, որևէ արտառոց բան չի սպասում, քանի դեռ կա այս կոնֆիգուրացիան՝ կարևորելով, որ իշխանափոխության համար, առաջին հերթին, պետք է լինի ընդդիմափոխություն։

«Մեր փրկությունը չի կարող լինել արտաքին վեկտորի ընտրության մեջ․ մենք պետք է նախ կայացնենք մեր քաղաքական համակարգը, դրանից հետո միայն կկարողանանք ունենալ պետական, ազգային ու հանրային շահ։ Ցավոք, երեսուն տարվա մեջ մենք փորձել ենք հասկանալ այլոց շահը մեր տարածաշրջանում, և դրանից հետո նոր տեսել ենք՝ ինչ է մնացել տակը, ասելով, ուրեմն սա է Հայաստանի շահը»,-ասաց քաղաքական գործիչը։

Սուրեն Պետրոսյանի կարծիքով, պետք չէ ՌԴ-ին և Թուրքիան դիտարկել՝ որպես մեկ բևեռ, քանի որ, ըստ նրա, նրանց շահերը կարող են համընկնել կարճաժամկետ հեռանկարում, բայց ոչ ռազմավարական համատեքստում․

«Իրականում, Ռուսաստանը ռազմավարական առումով ԱՄՆ-ի թշնամին չէ, և Ուկրաինան ընդամենը «կռվախնձոր» է տոտալ վերահսկողության հաստատման կոնտեքստում։ ԱՄՆ-ն իր դերը թուլացրել է վաղուց՝ Մարշալի պլանից կամ 1945 թվականից հետո։ ԱՄՆ-ն ավելի շատ նպատակ ունի հաստատել տոտալ վերահսկողությունը Եվրոպայի նկատմամբ»։

Արա Ալոյան