Երեկ Լեհաստանում ՀՀ-ում նախկին դեսպան, ՀՀ սահմանադրական աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ այս պահի դրությամբ Փաշինյանը վայելում է ԱԺ բոլոր 107 պատգամավորների վստահությունը։ Նրա խոսքով, ընդդիմության պրոբլեմը վարչապետի թեկնածուի շուրջ համաձայնության չգալն է։
Ի՞նչ է սա նշանակում, արդյո՞ք Ղազարյանի քաղաքական պայքարն ավելի չի բարդանում սրանով՝ երկու հիմնական բևեռներին ինչ-որ առումով մարտահրավեր նետելով։
«Սա փաստի արձանագրում է. եթե 2022 թվականի օգոստոսի 2-ից սկսած Ազգային ժողովի պատգամավորներն իրավունք են ստացել վարչապետին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Եթե նրանք չեն օգտվում իրենց այդ իրավունքի իրականացումից, դա ենթադրում է, որ նրանք վստահություն են հայտնում վարչապետին։ Թե որքան կտևի այդ գործընթացը և երբ նրանք կվերանայեն իրենց մոտեցումը՝ դժվար է ասել։ Ինձ համար անհասկանալի են և անհիմն բոլոր այն բացատրությունները, որոնք հնչել են մինչ օրս՝ այդ գործընթացը չսկսելու առումով։ Մենք ոչ մի մարտահրավեր չենք նետում, պարզապես, մենք պատգամավորներից ակնկալում ենք տրամաբանական և իրենց հնչեցրած խոստումներին և հայտարարություններին համարժեք գործողություններ»,- ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարը։
Մեր այն հարցին, թե առաջիկայում կոնկրետ ի՞նչ նախաձեռնությամբ է մտադիր հանդես գալ ընդդիմադիր գործիչը՝ Փաշինյանի իմպիչմենթը կյանքի կոչելու համար, Ղազարյանն ասաց․
«Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ միայն Ազգային ժողովի պատգամավորները։ Ես կարծում եմ, որ վաղուց են անցել բոլոր այն տրամաբանական ժամկետները, երբ պատգամավորները պետք է կայացնեին անհրաժեշտ որոշումներ՝ ձևակերպելու համար իրենց հիմնավորումները և առաջադրելու վարչապետի թեկնածու, որով պետք է մեկնարկեր անվստահության գործընթացը»։
Նրա համոզմամբ, եթե առաջիկա օրերին ԱԺ պատգամավորները չնախաձեռնեն այդ գործընթացը և անհաղորդ լինեն հասարակության այդ տրամաբանական պահանջի իրականացմանը, ապա դա պատճառ պետք է հանդիսանա, որ այդ գործընթացն իրականացվի հասարակական լայն ճնշումների արդյունքում։
«Ժողովուրդն է իշխանության տերը Հայաստանում և ժողովուրդը կարող է ստիպել Ազգային ժողովի պատգամավորների կայացնելու այնպիսի որոշումները, որը բխում է պետության և ողջ հասարակության շահերից։ Հուսով եմ՝ դրա անհրաժեշտությունը չի առաջանա, պատգամավորները կկարողանան սթափ գնահատական տալ ստեղծված իրավիճակին և կայացնեն իրավիճակից բխող լավագույն որոշումները»,-ասաց ընդդիմադիր գործիչը։
Արա Ալոյան