«Այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:
Ըստ նրա' հրադադարը դեռ փխրուն է, և նոր հարձակման վտանգը պահպանվում է:
Ներկայացնում ենք հատված հարցազրույցից.
«Ազատություն». - Արդյունավե՞տ եք գնահատում արդյոք այս գիշեր Նյու Յորքում կայացած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով բանակցությունները:
Էդուարդ Աղաջանյան. - Գիտեք, նման հանդիպումները մեկ ընդհանուր գործընթացի մի դրվագ են, և որպեսզի հնարավոր լինի գնահատել արդյունավետությունը, պետք է ամբողջ գործընթացի համատեքստում դիտարկենք, իսկ քանի դեռ գործընթացը չի հասել այն փուլին, երբ հնարավոր կլինի կոնկրետ արդյունքներ արձանագրել, կարծում եմ' այս պահին դեռ վաղ է նման գնահատական տալը:
«Ազատություն». - Արդյունք ասելով Դուք նկատի ունե՞ք, որ առնվազն հրադադարը փխրուն չի լինի, և որոշակի …
Էդուարդ Աղաջանյան. - Այդ թվում նաև այո, բայց խոսքը գնում է վերջ ի վերջո, պետք է արձանագրենք, որ այս ամբողջ գործընթացի նպատակն է հասնել համապարփակ և երկարաժամկետ խաղաղության, որից, ցավոք, այս պահին դեռևս հեռու ենք և պետք է ակտիվորենք աշխատենք թե՛ մեր միջնորդների ներգրավվածության ապահովման առումով, թե՛ նաև դրա միջոցով, այդ թվում' Ադրբեջանին բերելով բանակցությունների սեղանի շուրջ:
«Ազատություն». - Դուք ասում եք բերել բանակցությունների սեղանի շուրջ, երեկվա հանդիպմանը Բայրամովն ինքն է պատրաստակամություն հայտնել խաղաղության հաստատման օրակարգով հրատապ բանակցություններ սկսել արդեն առաջնորդների մակարդակով:
Էդուարդ Աղաջանյան. - Ճիշտ եք ասում, բայց դրան զուգահեռ ադրբեջանական զինված ուժերը լայնածավալ ռազմական ագրեսիա են իրականացնում Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, և այս երկու իրողությունները մեկը մյուսին հակասող են, առնվազն իրենց տրամաբանությամբ: Ես նկատի ունեմ բովանդակային բանակցությունները, որոնք, բնականաբար, չեն զուգակցված և չեն ուղղորդվում ռազմական գործողություններով:
«Ազատություն». - Կա՞ն տեղեկություններ, ծրագրվո՞ւմ է մոտ ապագայում Փաշինյան-Ալիև հանդիպում:
Էդուարդ Աղաջանյան. - Այս պահի դրությամբ նման որոշում չկա:
«Ազատություն». - Արդյոք կա՞ նախապայման' դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, նոր միայն վերադառնալ խաղաղության պայմանագրի բանակցություններին:
Էդուարդ Աղաջանյան. - Հայաստանի Հանրապետությունն իր դիրքորոշումը շատ հստակ հայտնել է երեկվա Անվտանգության խորհրդի կողմից ընդունված հայտարարության տեսքով: Կարծում եմ' էական չէ այստեղ' դա նախապայմանի տեսք կունենա, թե նախապայմանը տվյալ պարագայում առաջնահերթություն չի լինի: Կարևոր է, որպեսզի մենք արձանագրենք ՀՀ դիրքորոշումը, որը շատ հստակ է և աներկբա:
«Ազատություն». - Ի՞նչ մասշտաբների են զորքերի կուտակումները սահմաններին, նաև Նախիջևանի հատվածում: Երևանը պարբերաբար սա բարձրաձայնում է:
Էդուարդ Աղաջանյան. - Ես օպերատիվ իրավիճակի մասին տեղեկություններ չունեմ, սա թերևս Պաշտպանության նախարարությանն ուղղելիք հարց է:
«Ազատություն». - Ավելի շատ իմ հարցը նոր հարձակման հնարավորության համատեքստում էր:
Էդուարդ Աղաջանյան. - Տեսեք, նոր հարձակման հավանականությունը երբեք չի վերացել առնվազն: Այդ հավանականությունը պահպանվում է հրադադարի օրվանից սկսած, և մեր ամբողջ էներգիան և ռեսուրսները Հայաստանի կառավարությունն ուղղում է քաղաքական և դիվանագիտական ճանապարհով այս հարցի լուծման ուղղությամբ:
«Ազատություն». - Բայց այդ վտանգը պահպանվում է:
Էդուարդ Աղաջանյան. - Վտանգը պահպանվում է միանշանակ: