ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի ուղերձ է հղել Անկախության տոնի առթիվ.
«Սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության Անկախության 31-րդ տարեդարձն է՝ տոն, որ քառորդ դարից ավելի իրական հպարտությամբ է համակել աշխարհասփյուռ հայ ժողովրդին, իսկ այսօր, երբ սահմանին պատերազմ է, նոր խորհուրդ ու հրամայական դարձել մեզ համար:
Մեր փոքրիկ պետությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ՝ աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների բախման կիզակետում. օգտվելով Հայաստանի իշխանության ապիկար, ազգադավ գործունեությունից՝ ադրբեջանական զորքերը ոչ միայն օկուպացրել են Արցախը, այլև ռազմական ծանրագույն հանցագործություններն անպատիժ շարունակելով՝ օրեցօր ավելի խորն են մխրճվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։ Եվ որպեսզի Հայն ու Հայաստանը լինեն հավերժ, մենք պետք է արդարություն, խաղաղություն ոչ թե խնդրենք, այլ պայքարենք ու պարտադրենք, ինչպես 1918֊ին, ինչպես Արցախյան առաջին պատերազմում, երբ որևէ ուժ մեզ չէր խոստացել հաղթանակ, բայց մենք կանգնեցրինք թշնամուն' կենաց֊մահու կռիվ տալով և Պետություն, Բանակ կառուցեցինք։
Այսօր այդ ճանապարհը պատմություն է։
Եվ շնորհավորելով բոլորիս Անկախության օրվա կապակցությամբ՝ կցանկանայի ամենից առաջ երախտագիտության խոսքս հղել իմ հարազատ Հայկական բանակին, որ տարիներ շարունակ համեստ ու լուռ խնդիր է կատարել' անառիկ պահելով Արցախը, Հայաստանը և այսօր էլ, կրակը վերցնելով իր վրա, պաշտպանում է մեր անկախությունը, պետականությունը, հայ ժողովրդի լինելիության իրավունքը։