Այս օրերին, Հայաստանի անկախության 31-ամյա տարեդարձին ընդառաջ, հասարակությունն ու մեդիան սկսել են տիրաժավորել կարծիքների, խորհրդածությունների ու կարծրատիպերի մի ահռելի խմբաքանակ:
Տխուր փաստ է․ 2020 թ․ 44-օրյա պատերազմից, ինչպես նաև վերջին օրերին Ադրբեջանի նոր հարձակումներից հետո միմյանց շնորհավորելու տրամադրություն չկա, առիթ՝ նույնպես։
Իրականում, Անկախության ամբողջ շրջափուլի իսկական հերոսները մնացել են կուլիսներում, որովհետեվ միշտ էլ այդպես է լինում ճշմարիտ անհատների պարագայում:
Նրանք «տրաֆարետային» չեն, նրանք զոռբա չեն ու իրենց տեսակը չեն պարտադրում, այլ լռելյայն կրում են հիսուսադավան, քրեստոմատիկ առաքելությունը՝ թումանյական «գործն է անմահ»-ի ծիրի մեջ:
Ինձ համար այդ հերոսը մեկը չէ, այն այս երկրի զինվորն է, աղբահավաքը, հեռախոսավարը, ուսուցիչը, ազատամարտիկը, չարտագաղթածը, արվեստագետը, ներգաղթողն է՝ սիրիահայը եվ այլն եվ այլն:
Հայաստանն, ասում են, Մայր Հայրենիք է: Երեվի այդպես է, չգիտեմ, մոր պես հարազատ է ու փխրուն: Սա քնարական զեղման ժանրից է գուցե:
Մինչդեռ 31-ամյա Հայաստանը դեռ երիտասարդ է, բավարար կենսափորձ չունի, ուժեղ մկաններ չունի, գորովանքի ու ամենակարեվորը՝ խորհրդի կարիք ունի, որովհետև Հայրենիքը գթության քույր ու դոնոր չէ, հայրենիքը գործատու եվ Աբիսողոմ աղա չէ․․․
Ինձ համար Անկախությունն իմ կրտսեր եղբայրն է․ նրա անդաստիարակության հարցում ինձ եմ մեղավոր զգում, ինչպես նաև հպարտանում եմ նրա նվաճումներով….
Պետք չէ անկախ լինել Անկախությունից ու Հայրենիքից, որովհետև անկախացած հայրենիքիցդ հեռու էլ դու, հնարավոր է, ազատություն ու անկախություն ունենաս, բայց, նրա հետ դու կգիտակցես, թե ինչու ես անկախ ու երջանիկ։
Արա Ալոյան