Երևանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ արդեն ուրվագծվում են դեմքերի ու դեպքերի հիմնական ու հավանական զարգացումները։ Քաղաքամայր Երևանը ղեկավարելու հայտ են ներկայացրել ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Երևանի Ավագանու Լույս խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանը, հայտնի գործարար, ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի ռուս կինը՝ Նատալյա Ռոտենբերգը և այլն։
Ի դեպ, ռուս գործիչը ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում օրերս հայտարարեց, թե առաջիկա ընտրություններում ինքը վստահ է իր ուժերի վրա և ոչ մեկի մրցակից չի համարում։ Բացի այդ, Ռոտենբերգը նշեց, որ գործող իշխանություններն ամեն ինչ անելու են՝ «թեկնածուին» (Տիգրան Ավինյանին-խմբ․) անցկացնելու համար, իսկ Դավիթ Խաժակյանին, կին քաղաքական գործիչը, համարեց պրոիշխանական։
««Ես պրոերևանյան թեկնածու եմ, ծնված և մեծացած Երևանում և իմ գիտակից կյանքի զգալի մասը նվիրել եմ մայրաքաղաքի բնակիչների հոգսերը լուծելու գործին»,-ԼՈՒՐԵՐ․сom-ին ասաց ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։
Մեր այն դիտարկմանը, թե ո՞վ կամ ինչու՞ է Խաժակյանի՝ իշխանության թիմում լինելու մասին թեզեր հրապարակ նետում, հատկապես Էդմոն Մարուքյանի՝ ՀՀ հատուկ հանձնարարությունների գծով դեսպան նշանակվելուց հետո, մեր զրուցակիցն ասաց․
«Մրցակիցների պակաս չունենք, ովքեր սեփական գործը թողած՝ այլոց վարքագիծն են քննարկում»:
Արա Ալոյան