Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ռոբերտ Մենենդեսը և ազդեցիկ հանրապետական սենատոր Մարկո Ռուբիոն երեկ բանաձևի նախագիծ են ներկայացրել, որը դատապարտում է Ադրբեջանի վերջին չհրահրված հարձակումը Հայաստանի վրա, գրում է «Ազատությունը»:
Ամերիկայի Հայ դատի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ երկու կուսակցությունների ազդեցիկ անդամների հեղինակած օրինագիծը նաև կոչ է անում անմիջապես դադարեցնել անվտանգության ոլորտում ամերիկյան օգնությունը Բաքվին, հորդորում է ազատ արձակել հայ ռազմագերիներին և դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը՝ պատերազմական հանցագործությունների համար:
Բանաձևի նախագիծը Ադրբեջանին կոչ է անում հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Միացյալ Նահանգներին՝ ամուր մարդասիրական օժանդակություն ցուցաբերել Ադրբեջանի ագրեսիվ պատերազմից տուժած Հայաստանի և Արցախի ժողովրդին:
«Ադրբեջանի վերսկսած հարձակումը Հայաստանի տարածքի վրա և քաղաքացիական ենթակառուցվածքի անսիրտ թիրախավորումը մարդկային կյանքի նկատմամբ քամահրանքի սարսափելի ցուցադրություն է», - ընդգծել է Մենենդեսը: Նրա խոսքով՝ հայկական բնակավայրերը տառապում են Ալիևի ռեժիմի ձեռքից, և հրամայական է, որ ԱՄՆ կառավարությունը դադարեցնի անվտանգության ոլորտում ամեն տեսակի օժանդակությունը Բաքվին:
Ավելի վաղ սենատոր Մենենդեսը Ադրբեջանին ամերիկյան անվտանգային օժանդակությունը դադարեցնելու կոչով նամակ էր հղել Ջո Բայդենի վարչակազմին:
Հայ-ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Սեպտեմբերի 14-ի երեկոյան Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարեց, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ այլ մանրամասներ չհայտնելով:
Մարտերի հետևանքով հայկական կողմի զոհվածների և անհետ կորածների պաշտոնապես հրապարակված թիվը 207 է, Բաքուն 80 զոհի մասին է տեղեկացրել։ Պաշտոնական տվյալներով՝ վերջին մարտերից հետո հայկական կողմն ունի առնվազն 20 ռազմագերի։
Այս ընթացքում հրադադարի խախտման մի քանի դեպք է արձանագրվել, երկու կողմից զինծառայողներ են վիրավորվել: