Մինչ ՀՀ գործող իշխանությունները գեներացնում, քարոզում են Խաղաղության դարաշրջան ու Հայկական խաչմերուկ, քաղաքական հայեցակարգերը, թշնամին պարբերաբար ներխուժում է մեր երկրի ինքնիշխան տարածք․ վերջին նման միջադեպը գրանցվեց նախօրեին, ինչի հետևանքով զոհվեց զինծառայող։
Մեր այն դիտարկմանը, թե իշխանությունների այս մոտեցումն, արդյոք, «վառված քարտ» չէ ու դրա փոխարեն անհրաժեշտ է նոր գործիքակազմ կիրառել, այդ թվում՝ անվտանգային ու միջազգային հարթության վրա, «Ազգային-Ժողովրդավարական Բևեռի» խորհրդի անդամ, քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը ԼՈՒՐԵՐ․com-ին ասաց հետևյալը․
«Իհարկե անհրաժեշտ է։ Բայց մի հստակեցում։ Ի՞նչ է նշանակում «ինքնիշխան տարածք»։ Այդ արտահայտությունը ասելով' մարդիկ նկատի ունեն Խորհրդային Հայաստանի տարածքը և դա Նիկոլ Փաշինյանի նարրատիվն է։ Հայաստան' առանց Տիգրանաշենի, առանց խորհրդային ապօրինի՝ իբրև թե «ադրբեջանական» անկլավների։ Իսկ Արցախը Հայաստանի ինքնիշխան տարածք չէ՞։ Թե՞ բոլշևիկյան Կովկասյան Բյուրոյի ապօրինի որոշումը մեզ համար հիմք է, իսկ Ազգերի Լիգայինը' անարժեք թղթի կտոր»։
Քաղաքական գործչի պնդմամբ, Հայաստանը թուրք-ադրբեջանա-ռուսական մոտեցման տիրույթում է․ երբ խնդիրը վերաբերում է մեր հայրենիքին՝ «ինքնիշխան» համարում ենք միայն ապօրինի վարչական սահմաններով և առանց մեզանից խլված տարածքների ՀԽՍՀ քարտեզը։
«Ամոթ է։ Անթույլատրելի է։ Հանցավոր է։ Չի կարելի այդ արտահայտությունը կիրառել, որքան էլ որ այդ արտահայտությունը պաշտեն ու համառորեն շրջանառեն նախկիններն ու ներկաները։ Ինչ վերաբերում է բուն հարցին' ապա տերպետրոսյանական-փաշինյանական այդ խաղաղության թեզերը ոչ միայն նողկալի են, այլև' ի սկզբանէ կեղծ և հակահայ են։ Կյանքը ցույց տվեց, որ մենք ճիշտ էինք։ Հայաստանի միակ անվտանգության երաշխավորն ԱՄՆ-ն է, իսկ Ռուսաստանը' մեր թշնամու մերձավորագույն և ըստ էության' միակ դաշնակիցը»,-ընդգծեց Մարտիրոսյանը։
Մեր զրուցակցի համոզմամբ, հենց այդ պատճառով էլ' ՀԱՊԿ-ից դուրս գալը բացարձակ անհրաժեշտություն է այսօր։ Հենց այդ պատճառով էլ' ԱՄՆ հետ դաշնակցությունը բացառիկ և եզակի տարբերակ է' անվտանգ լինելու, պաշտպանված դառնալու,-նկատեց Մարտիրոսյանը։
Արա Ալոյան