Անդրադառնալով ադրբեջանական զինուժի կողմից հայ ռազմագերիների գնդակահարության աղմկահարույց տեսանյութին'լեհ քաղաքական գործիչ և փաստաբան Տոմաշ Լեխ Բուչեկը այն որակել է որպես Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների ապացույց։ Թեմայի շրջանակում ԼՈՒՐԵՐ․com-ը երկու հարց ուղղեց հայամետ գործչին։
Գրել եք, որ ապացույցներ եք ստացել հայերի դեմ Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին։ Ի՞նչ քայլեր եք մտադիր անել՝ Բաքվի ագրեսիան դատապարտելու և միջազգային իրավունքի ուժով պատժելու ուղղությամբ։
Տոմաշ Լեխ Բուչեկ - Ադրբեջանը շատ վտանգավոր է և ուժեղ. Ադրբեջանն այժմ դարձել է Եվրամիության էներգետիկ գործընկերը՝ մատակարարելով նրան գազ և նավթ։ Ուկրաինական պատերազմի շնորհիվ Ադրբեջանը դարձել է Եվրամիության երկրների շատ կարևոր գործընկերը։ Շատ եվրոպացի քաղաքական գործիչներ կաշառվում են։ Մինչ այժմ իմ բոլոր գործողություններն ավարտվել են Ադրբեջանի կառավարության արձագանքով և ինձ վարկաբեկելու փորձով։
Ինձ վրա հարձակվում են դիվանագիտական ներկայացուցիչները, ներառյալ նրանք, ովքեր աշխատել են (կամ դեռ աշխատում են) մի ընկերությունում, որը զբաղվում է հումքի առևտրով, ինչպիսիք են գազը, նավթը կամ ածուխը: Ես հարձակումների զոհ եմ դարձել և իմ հեղինակությանը վնաս է պատճառվել՝ իմ մասին կեղծ տեղեկություններ տարածելով։ Դիվանագիտական ներկայացուցիչները հանդիպել են իմ նախկին կուսակցության (Կանաչների կուսակցություն) ղեկավարների հետ և պահանջել իմ հեռացումը (կեղծ և զրպարտչական տեղեկություններ օգտագործելով և հիմնվելով դրանց վրա):
Ես գլոբալ արշավ էի պատրաստել՝ ցույց տալով Ադրբեջանի հանցագործությունները, նյութերը տպագրվեցին Լեհաստանում, խոշորագույն քաղաքներում պետք է 70 գովազդային վահանակներ լինեին, որտեղ խոսվում էր Ադրբեջանի հանցագործությունների մասին։ Սակայն իմ վրա դիվանագետների հարձակման պատճառով «Պաշտպանիր Հայաստանը» ակցիան չկայացավ։ Բացի այդ, պատրաստվում էի դատի տալ Ադրբեջանի նախագահ Ալիևին, ինչի շրջանակում մտադիր էի նրան մեղադրել հայ ժողովրդի նկատմամբ ատելություն, հայատյացություն տարածելու մեջ։
Ձեր կարծիքով, ինչու՞ է Ադրբեջանը գնալով ավելի նախահարձակ դառնում՝ չթաքցնելով իր ռազմատենչ էությունն ու վարքագիծը։ Ալիևն էլ հաճախ է կրկնում, թե իրենց ոչ մեկ ու ոչինչ չի կանգնեցնի։ Այդպե՞ս է արդյոք։
Տոմաշ Լեխ Բուչեկ - Ադրբեջանն անպատժելի է, օգտվում է քաղաքական իրավիճակից, Ուկրաինայի պատերազմից, Ռուսաստանի թուլացումից և Հայաստանի ներսում առկա տարաձայնություններից։
Ադրբեջանը փող ունի նավթի ու գազի վաճառքից. այն Եվրամիության գործընկերն է։ Եվրամիությունը չի հասկանում, որ մյուս բռնապետը ադրբեջանցի դիկտատոր Ալիևն է։ Եվրոպան պետք է արթնանա, Եվրոպային պետք է տեղյակ պահել Ադրբեջանից հումք գնելու հետևանքների մասին։ Ալիևը մտածում է բռնապետի պես, այն է՝ փող ունի ժամանակակից զենքի համար։ Աշխարհը պետք է սովորի, որ Ադրբեջանից հումք գնելով ֆինանսավորում է զենքեր, որոնք սպանում են անմեղ մարդկանց։
Զրուցեց՝ Արա Ալոյանը