Սվեն-Էրիկ Ռիսեն Հայաստանի նորվեգացի փորձագետ է, մեր երկրի և Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հեղինակ նորվեգական մամուլում: Նա նաև հրատարակել է երկու գիրք՝ «Հայաստան. Ինչու եմ սիրում Հայաստանը» (նորվեգերեն եւ անգլերեն) և «44 օր Արցախում» (նորվեգերեն): Ռիսեն վարել է բազմաթիվ հրապարակային դասախոսություններ Հայաստանի մասին տարբեր լսարաններում: Նա նաեւ Նորվեգիայից բազմաթիվ զբոսաշրջիկների խմբեր է առաջնորդել Հայաստան: Սվեն-Էրիկ Ռիսեն հպարտությամբ իրեն անվանում է «ընտրությամբ հայ»՝ Տիգրան Վան անվամբ և երազում է ունենալ հայկական անձնագիր: ԼՈՒՐԵՐ․com-ը մի քանի հարց ուղղեց հայասեր գործչին։

Ինչպե՞ս սկսվեց ձեր սերը Հայաստանի, Արցախի, հավաքական իմաստով՝ հայ ժողովրդի նկատմամբ։

Հայաստանով ու հայերով սկսեցի հետաքրքրվել, երբ ուսանող էի և կարդացի Մուսա Լեռան 40 օրը վեպը, որից հետո Կիպրոսում հանդիպեցի Ցեղասպանությունից փրկված սփյուռքահայի հետ։ Հետագայում ավելի խորությամբ ուսումնասիրեցի Ցեղասպանության թեման, շրջեցի աշխարհով մեկ՝ ավելի շատ տեղեկություն ստանալու համար։ Այդ ժամանակ Հայաստանը ԽՍՀՄ կազմում էր և արևմուտքցիների համար ոչ այնքան ընդունելի։ Դա էր պատճառը, որ այն ժամանակ դեռ չէի կարողանում Հայաստան այցելել, բայց այցելեցի Արևմտյան Հայաստան և զրուցեցի քրդերի հետ, որոնք հետաքրքիր բաներ էին պատմում։ 2015-ին նորվեգական մամուլում հրապարակեցի ակնարկներ Ցեղասպանության մասին՝ զուգահեռաբար ներկայացնելով իմ հոդվածները ֆեյսբուքյան իմ էջում։

Որոշեցի, որ Հայաստանի մասին ավելի շատ բան պիտի իմանամ, քան զուտ Ցեղասպանությունն է։ Որոշեցի այցելել և ներկա գտնվել Ապրիլի 24-ի միջոցառմանը։ Ես իրապես ցանկանում էի իմանալ ժողովրդի, երկրի, մշակույթի, հայկական խոհանոցի, գինու, լեզվի ու շատ այլ բաների մասին։ Եվ որոշեցի այցելել մենակ, պարզապես շրջել Հայաստանով, զգալ մթնոլորտը և զրուցել՝ որքան հնարավոր է շատ հայերի հետ։ Նախատեսել էի երկու շաբաթ մնալ Հայաստանում, սակայն մի փոքր երկար մնացի։ Այդ ժամանակվանից ի վեր 15 անգամ այցելել եմ Հայաստան, որովհետև իսկապես հմայված էի հայ ժողովրդով, նրա հյուրընկալությամբ, աներևակայելի ավանդույթներով, և այն, թե ինչպես էին ինձ հայերեն սովորեցնում։ Հետո սկսեցի բազմաթիվ զբոսաշրջիկների առաջնորդել դեպի Հայաստան։ 

Ձեզ համար իբրև երկրորդ անուն ընտրել եք Տիգրան Վան-ը․ կպատմե՞ք նախապատմության մասին։

Իմ առաջին ընկերը Հայաստանում Տիգրանն է, և ինձ շատ դուր եկավ թե՛ նա, թե՛ իր անունը։ Այսպիսով, նա ինձ ասաց, որ ես պետք է հայկական անուն ունենամ, և զարմանք. նա առաջարկեց Տիգրանը: Երկրորդ անուն ունենալու համար ես ընտրեցի՝ հարգելով մի շատ յուրահատուկ և գեղեցիկ հայկական տարածք, և իմ սիրելի հայկական կենդանին՝ Վանա կատուն, վանեցիների քաջ պատմությունը՝ Վանը։ Այսպիսով, ես դարձա Տիգրան Վան։


Հայաստանում կապրե՞իք։

Օհ, այո, և այդ օրը գալու է: Ես սիրում եմ լինել Հայաստանում, սիրում եմ այնտեղի կյանքը, այնպես որ՝ տեսնենք։ Հենց հիմա ես աշխատում եմ Նորվեգիայում և անում եմ այն, ինչ կարող եմ՝ դասախոսել Հայաստանի մասին, Ցեղասպանության ճանաչման, ժողովրդին լուսավորելու և այլն։

 
 
 

Մշտապես դատապարտել եք հայության դեմ ադրբեջանական ագրեսիան․ նոր նախաձեռնություններ, միգուցե՝ նոր գրքի տեսքով, սպասե՞նք։

Իմ գլխում միշտ մտքեր կան, թե ինչպես կարող եմ օգտակար լինել Հայաստանին։ Իմ առաջին գիրքը «Ինչու եմ սիրում Հայաստանը», ծնվեց, որովհետև ես ուզում էի հայերին ցույց տալ իմ սերը նրանց հանդեպ և ցույց տալ, որ կան մարդիկ, ովքեր հոգ են տանում: Երկրորդը՝ 44 օրը Արցախում, 2020 թվականի պատերազմի մասին է՝ այնտեղ եղած տարբեր մարդկանց աչքերով, թե՛ խաղաղ բնակիչներ, թե՛ զինվորներ, թե՛ կամավոր ծառայող, իմ լավ ընկերներ և այլն։ Այն դեռ չի թարգմանվել անգլերեն, ուստի, ես փորձում եմ գտնել հրատարակիչ, որը ցանկանում է դա անել: Հայաստանի և Արցախի մասին իմ վերջին խոսքերը դեռ չեն ասվել, և հուսով եմ, որ երրորդ գիրքը գրելու հնարավորություն կունենամ։ Մեկ բան հաստատ գիտեմ՝ ես պետք է ավելի շատ բան գրեմ Հայաստանում իմ ֆանտաստիկ փորձառությունների մասին, բայց նաև պետք է գրեմ ագրեսիայի և Ադրբեջանի և Թուրքիայի սպառնալիքների մասին:

Զրուցեց՝ Արա Ալոյանը