Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն այսօր մի քանի ուշագրավ հայտարարություն է արել․ նա նշել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի հիմնական 5 կետերի շուրջ։ Բացի այդ, նրա բնորոշմամբ, Փաշինյանին հայ ժողովրդի աջակցությունը վկայում է, որ հայերը խաղաղություն են ցանկանում, թեպետ, ըստ թուրք նախարարի, խաղաղություն չցանկացողների ձայներն ավելի ու ավելի են լսվում։
Ո՞ւմ նկատի ունի Չավուշօղլուն՝ «խաղաղություն չցանկացողներ» ասելով, ենթադրաբար՝ հայաստանյան ու արցախյան ընդդիմադիր ուժերի՞ն, որոնք չեն կիսում Փաշինյանի օրակարգը։
«Նախ, հայ ժողովուրդն իսկապես խաղաղություն է ուզում: Սա միանշանակ է, մյուս կողմից՝ շատ բնական է, որ քաղաքական դիսկուրս, տարբեր մոտեցումներ կան մեր հասարակության ներսում: Սակայն մեր ներքին բանավեճը բացառապես մեր գործն է ու Թուրքիայի ԱԳ նախարար կամ օտարերկրացի որևէ պաշտոնյա իրավունք չունի միջամտելու Հայաստանի ներքին գործերին»։
ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
Ինչ վերաբերում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև՝ մոտ ժամանակներում խաղաղության պայմանագրի ստորագրման հավանականությանը, մեր զրուցակիցն ասաց․
«Ինչպես լուրեր են շրջանառվում, նոյեմբերին չէ, բայց առաջիկա 4-5 ամսում միանգամայն հնարավոր է, որ խաղաղության պայմանագիր ստորագրվի Հայաստանի և Ադրբեջանի միջև»։
Իսկ թե ինչը կարող է խոչընդոտել այդ գործընթացին, Սուրենյանցը նշեց, որ մի կողմից Ադրբեջանը փորձում է առավելագույնին հասնել, մյուս կողմից՝ Փաշինյանը ժամանակ է ձգձգում, որովհետև փաստաթուղթ ստորագրելու քաղաքական խիզախություն չունի:
Արա Ալոյան