Ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանի կառավարությունը մտադիր է արգելել սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանումը երկրից։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվեց կառավարության հունվարի 14-ի նիստում։ Կան մի շարք ընկերություններ, որոնք շահագրգռված են այդ արգելքով, մասնավորապես` նույն «Ասկե Գրուպը»: «Ասկե գրուպի» հիմնադիրը ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Վահան Հարությունյանն է, իսկ բաժնետոմսերի մոտ 50 տոկոսը, ըստ ընկերության համապատասխան փաստաթղթերի, գործարար Միխայիլ Հարությունյանինն է, որը Վահան Հարությունյանի հայրն ու արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի քեռին է։ «Ասկե գրուպի» մյուս 50 տոկոսը պատկանում է Կիպրոսում գրանցված «Մորակո հոլդինգս» ընկերությանը։
«ԱՏ-մետալս»-ին ընդերքօգտագործման իրավունքով հատկացված հողերի 60 տոկոսի՝ «Արևիք» ազգային պարկի տարածքում ընդգրկվածությունը 2018-ի հեղափոխությունից հետո հայտնվել էր տեսչական մարմնի, հետագայում նաև իրավապահների տեսադաշտում։ Սակայն, գործը կարճվել է: Դժվար թե՝ պատահականության սկզբունքով:
Սա միակ դեպքը չէ, երբ հեղափոխական իշխանությունները մեծահոգություն են դրսևորում Միհրան Պողոսյանի ընտանիքի անդամների դեմ: Այսօր մամուլում հրապարակում եղավ, որ Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) այս պահին քննվում է Վարչական դատարանի դատավոր Անի Հարությունյանին ազատությունից զրկելու վերաբերյալ թույլտվություն տալու մասին հարցը։ Միջնորդությունը ներկայացրել է նախաքննական մարմինը։ Ըստ այդ հրապարակման՝ Անի Հարությունյանն անցնում է «կաշառքի գործով»: Մամուլի տեղեկություններով, սակայն, խոսքը ոչ թե կալանքի, այլ դատավորի լիազորությունների կասեցմանն է վերաբերում: Դատավոր Անի Հարությունյանի հայրը՝ Սերժ Սարգսյանի մտերիմ, ՀՀ ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գրիշա Հարությունյանն է: ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանն էլ Գրիշա Հարությունյանի քրոջ որդին է։
2018-ի օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ Փաշինյանն անդրադարձել էր բանանի ու շաքարավազի մենաշնորհը վերացնելու խնդրին: «2017 թվականին ասացի, որ Հայաստանում շաքարավազի և բանանի մենաշնորհը վերացնելու համար հարկավոր է 15-45 րոպե: Եվ, այո՛, վարչապետ դառնալուց հետո 40 րոպեի ընթացքում վերացրել եմ բանանի ու շաքարավազի մենաշնորհը, և ասում եմ` այսօր Հայաստանում չկա բանանի և շաքարավազի մենաշնորհ», - հայտարարել էր Փաշինյանը (տե՛ս 31:45 – 32:30):
Բայց արի ու տես, որ «Քեթրին Գրուպ»-ին փոխկապակցված մեկ այլ՝ «Ֆրուտ Վորլդ» ընկերությունը, շարունակում է իր գործունեությունը բանանի շուկայում: Նոր տնտեսվարողների ցանկում է «Բանանեկ» ընկերությունը, որը պետռեգիստրում գրանցվել է 2018-ի հունիսի 29-ին: Հիմնադիրը «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինոն է, որը Միհրան Պողոսյանի մտերիմն է համարվում։
Ինչպես է ստացվում, որ ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Միհրան Պողոսյանին օֆշորի և բանանի արքա անվանող Նիկոլ Փաշինյանը իշխանության գալուց հետո ոչ միայն մոռանում է իր վաղեմի մեղադրանքների մասին, այլ մի բան էլ ամեն կերպ «մաքրում» է այսպես ասած` օֆշորի արքային և նրա ընտանիքի անդամներին...