Երեւանում կա մոտ 266 հազար բնակարան, որից տարվա սկզբին չզբաղված էր մոտ 30 հազարը. Հիմա այդ թիվը իջել է 23 հազար, այսինքն, մոտ 7 հազար չբնակեցված բնակարան բնակեցվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Այս պահին 23 հազար բնակարան դատարկ է եւ այդտեղ մենք անելիք ունենք եւ աշխատանքներ կատարում ենք, որպեսզի այդ բնակարաններից ավելի ու ավելի շատ մասը մտցնենք շրջանառության մեջ, որպեսզի մարդիկ կարողանան ավելի էժան գնով վարձել բնակարաններ: Կոչ եմ անում մարդկանց, որոնք ունեն չբնակեցված բնակարաններ, օգտվեն կառավարության հնարավորություններից: Մենք սուբսիդավորվող վարկեր ունենք, որով մարդիկ կարող են վերանորոգել իրենց բնակարանները եւ տալ վարձակալության: Սա շատ լավ ու գրավիչ գործիք է»,-ասաց նա:
Բացի այդ, ըստ նախարարի, հիմա նոր ծրագիր են ստեղծում, որը պետք է խրախուսի հյուրընկալության ոլորտի ընկերություններին նոր հյուրանոցներ ու հանրակացարաններ ստեղծել. «Այսօր բազմաթիվ թափուր աշխատատեղերը չլրացնելու պատճառներից մեկն էլ այն է, որ Երեւանում չկան մատչելի վարձով բնակարաններ, հանրակացարաններ: Դա թույլ կտա, որ մարզերից մարդիկ գան Երեւանում աշխատելու»,-ասաց Քերոբյանը: