Ինչպես հայտնի է, երեկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը կառավարության նիստում հայտարարեց, որ հրաժարվում են պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներից՝ դրանք դարձնելով 25-օրյա՝ բոլոր զինապարտների համար պարտադիր։
Թեման շարունակում է լայնորեն քննարկվել ինչպես հանրության, այնպես էլ՝ ռազմական փորձագետների շրջանում։ Ինչո՞վ է պայմանավորված ՊՆ-ի այս նախաձեռնությունը, որքանո՞վ արդյունավետ կլինի դրա կիրառումը՝ հատկապես Հայաստանի պես անվտանգային խնդիրներ ունեցող երկրի պայմաններում։
«Այդ ժամկետները բացառապես ռազմագիտական հաշվարկների արդյունք պիտի լինեն․ բանակի առջև ծառացած խնդիրների, պատերազմից բնույթից բնորոշ գնահատականների վրա դա փաստաթղթերով կանոնակարգվում է»,-ԼՈՒՐԵՐ․сom-ի հետ զրույցում նշեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա համոզմունք հայտնեց, որ ՀՀ ԶՈՒ Գլխավոր Շտաբում այս հաշվարկները հստակ կատարել են և հավելեց․
«Սկզբունքորեն վատ բան չեմ տեսնում, որ մենք բավականին լավ փորձ ձեռք բերեցինք եռամսյա հավաքների ընթացքում՝ վերջին 2-3 տարիներին։ Իսկ որ անցում է կատարվում 25-օրյա վարժական հավաքների, այն էլ՝ բոլոր զինապարտ քաղաքացիների համար պարտադիր հիմունքով, դա իմ պես զինվորականների համար վաղեմի երազանք է: Դա պետք է վաղուց անցկացվեր թե՛ արական, թե՛ իգական սեռի համար, որը, ցավոք, չէր անցկացվում»։
Մեր այն հարցին, թե միջազգային պրակտիկայում կա արդյոք մեկ այլ երկիր, որտեղ համանման հավաքներ են անցկացվում և որի շնորհիվ տվյալ պետության զինուժն ու զինվորական պոտենցիալը առավել մարտունակ են դարձել, ռազմական փորձագետն ասաց․
«Համաշխարհային պրակտիկա կա ու շատ լավ օրինակներ կան, բայց զուտ վերցնել ու արտատպել դա՝ չի կարելի։ Յուրաքանչյուր երկիր ունի իր մարտահրավերները, դրանցից բխող լուծումներն ու քայլերը։ Շվեյցիարիայում, օրինակ, նույն բանն է՝ հավաքների իմաստով մոտավորապես նույն ժամկետներն են, բայց ասել, որ մենք վերցնում ենք շվեյցարական մոդելը, այնքան էլ ճիշտ չէ, որովհետև շվեյցարական մոդելը կանոնավոր, մշտական պատրաստության բանակ չունի»։
Հովհաննիսյանի բնորոշմամբ՝ եռամսյա կամ 25-օրյա վարժական հավաքները բանակի մարտունակության կարևոր բաղադրիչներից մեկն են։
Արա Ալոյան