Հարավային Կովկասում կատարվող վերջին իրադարձությունները աստիճանաբար բերում են մի համոզման, որ տարածաշրջանի երկրները ուժային կենտրոնների կամ արտաքին քաղաքական վեկտորի հստակեցման քաղաքականություն են դրսևորում։ Ամենախնդրահարույցը, թերևս, Հայաստանի վիճակն է, ով հայտնվել է Ռուսաստան-Արևմուտք հակասությունների թատերաբեմում։ Ի՞նչ է սպասում մեզ այս համատեքտսում, և ո՞րը կարող է լինել ողջամիտ ճանապարհային քարտեզը՝ Հայաստանի համար։

«Թեև համաձայն եմ, որ Արեւմուտք-Ռուսաստան լարված հարաբերությունների պարունակի մեջ բարդ իրավիճակներ են ստեղծվել ՀՀ-ի համար, այսուհանդերձ տագնապը նաև կարելիություններ է ընձեռում։ Օրինակ, Խորհրդային Միության փլուզումից այս կողմ չի եղել որևէ ժամանակ, երբ Արևմուտքը այսքան հետաքրքրված լինի մեր տարածաշրջանով, կամ առհասարակ Ռուսաստանի հեղինակությունը նսեմացնելով»,-ԼՈՒՐԵՐ․ com-ի հետ զրույցում նման տեսակետ հնչեցրեց ամերիկահայ հասարակական գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանը։

Նրա խոսքով, մյուս կողմից, 90-ականներից այս կողմ, չի եղել նման իրավիճակ, երբ Ռուսաստանը այս չափերով ապավինի թուրք-ադրբեջանական խարսխի վրա։ Հետևաբար, ըստ քաղաքագետի, Հայաստանին մնում է բաց լինել Արևմուտքից եկած զորակցական-օժանդակության առաջարկներին, հատկապես որ այսօրվա իրականության մեջ ԱՄՆ-ը այն ուժն է, որ ունի առավելագույն տնտեսական-ռազմական լծակները՝ ազդելու Ադրբեջանի վրա․

«Սա անպայման չի նշանակում երես թեքել Ռուսաստանից, որին պետք է անկեղծ հասկացնել, թե այսօրվա իրադրության մեջ մեր շահերը պահանջում են բազմակողմնակի գործընկերություններ, մանավանդ, երբ ինքը Ռուսաստանը անկարող է, կամ առնվազն անպատրաստ է կտրուկ դիրքորոշումի մեր պետական շահերի օգտին։ Առավել ևս, պետք է նաեւ հստակ լինի, որ մենք մեր շահերն ենք սպասարկում, այլ ոչ թե իր շահերին ենք հակադրվում»։

Մեր այն հարցին, թե բավարա՞ր են, արդյոք, ԱՄՆ-ի ջանքերը՝ ադրբեջանական ագրեսիան զսպելու իմաստով, Վիգեն Հովսեփյանն ասաց․

«Ո՛չ, բավարար չեն։ Այսուհանդերձ շատ լավ սկիզբ է դրվել ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված վերաբերմունքին, և այն կարելի է նոր բարձունքի հասցնել ներգործուն ճիգերով։ Այստեղ, ԱՄՆ-ում, բնականաբար ՀՀ արտաքին գործերով զբաղող կառույցների լուրջ և խոհուն աշխատանքն է կենսական, բայց շատ կարեւոր է նաեւ ամերիկահայ համայնքի ճիգերը։ Այսօր ևս, հսկայական առիթ և անհրաժեշտություն կա նմանօրինակ համակարգված աշխատանքի, որի անմիջական արդյունքը պետք է լինի ա) դադարեցնել զենքի վաճառքը Ադրբեջանին բ) պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի հանդեպ, գ) մեծ չափերի տնտեսական և մարդասիրական օժանդակություն հասցնել Արցախահայությանը և դ) անվերապահորեն և ցայտուն կերպով տեր կանգնել Արցախի անվտանգության և ինքնավարության պաշտպանությանը»։

Արա Ալոյան