Խորհրդարանական երեք խմբակցությունների ներկայացուցիչները նոյեմբերի 24-ին Ազգային ժողովում ընդունել են Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էլիսոն Մարի Լը Քլերին:
«Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Արթուր Խաչատրյանը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը՝ նշելով, որ այս տարի լրանում է Հայաստանի և Կանադայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Պատգամավորը հյուրին ներկայացրել է ադրբեջանական ագրեսիայի մանրամասներն ու դրա հետևանքները: Նա մտահոգություն է հայտնել 44-օրյա պատերազմից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային արժեքների պահպանման առնչությամբ և ընդգծել, որ այդ երկիրը թույլ չի տալիս ՅՈՒՆԵՍԿՕ-ին մուտք գործել այդ տարածքներ:
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Գևորգ Պապոյանը ևս ընդգծել է միջխորհրդարանական կապերի զարգացման կարևորությունը, բարեկամական խմբերի ակտիվ փոխգործակցությունը:
Նա բարձր է գնահատել այն փաստը, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերից Կանադան ակտիվորեն փորձում էր ջանքեր գործադրել կրակի դադարեցման համար: Այս համատեքստում Գևորգ Պապոյանը կարևորել է Կանադայի կառավարության որոշումը՝ դադարեցնելու կանադական սպառազինությունների մատակարարումը Թուրքիա, իրավիճակը մանրամասն ուսումնասիրելու և պարզելու՝ արդյո՞ք դրանք օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում:
Գևորգ Պապոյանը Թուրքիայի և Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները բնութագրել է որպես ավտորիտարիզմի հարձակում Հայաստանի ժողովրդավարության դեմ: «Մեր պայքարը գոյութաբանական է, մենք չենք կարող նոր ցեղասպանության ենթարկվել»,- ասել է նա:
Հայ-կանադական հարաբերությունների զարգացման հեռանկարներին է անդրադարձել նաև ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Կանադա բարեկամական խմբի անդամ Միքայել Թումասյանը:
Հայաստանում Կանադայի արտակարգ և լիազոր դեսպանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-կանադական խորհրդարանական հարաբերությունների առավել խորացմանը, փոխայցերի ակտիվացմանը: Նա ընդգծել է, որ և՛ 44-օրյա պատերազմի, և՛ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքներն իրենց ուշադրության կենտրոնում են:
Անդրադարձ է եղել նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձմանը, Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներխուժմանը: Երկկողմ հարաբերությունների զարգացման հարցում ընդգծվել է Կանադայի հայ համայնքի գործուն դերակատարությունը: