ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովում տեղի են ունեցել Հայաստանում ԱՄՆ դեսպանի հաստատման լսումները, որոնց ժամանակ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը և Մերիլենդ նահանգից սենատոր Քրիս Վան Հոլենն ընդգծել են Վաշինգտոնի կողմից Ադրբեջանին իր ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելու և այդ երկրի՝ հայերի դեմ ագրեսիան հստակորեն դատապարտելու կարևորությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Հայաստանում ԱՄՆ գործող, սակայն Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Լին Թրեյսիին ուղղված հարցերում Մենենդեսը անհանգստություն է հայտնել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները վերջերս խուսափել են Ադրբեջանի կողմից հայ գերիների սպանությունն ու անդամահատումը պատկերող տեսանյութերի վերաբերյալ հարցումներից:
«Անհրաժեշտ է, որ մեր դեսպանները, հատկապես հակամարտությունների վայրերում, կարողանան հետամուտ լինել իրականությանը, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշել, թե ինչ անել այդ ճշմարտության հետ կապված»,- հայտարարել է սենատոր Մենենդեսը:
Այնուհետև, երբ Հայաստանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Քրիստինա Կվիենը խոստացել է անել ամեն ինչ՝ օգնելու հայերին ցանկացած խնդրանքով, որով նրանք կդիմեն փաստագրելու այս տեսանյութերում պատկերված վայրագությունները, Մենենդեսը պատասխանել է.«Ես հայերից խնդրանքներ չեմ ցանկանում, ես ցանկանում եմ, որ մենք նախաձեռնող լինենք, որպեսզի կարողանանք որոշում կայացնել»:
Սենատորներին անհրաժեշտ են փաստեր ադրբեջանական ռազմական հանցագործությունների և ագրեսիայի մասին, երբ որոշում են կայացնում կիրառելու 907-րդ հոդվածի սահմանափակումները՝ Ադրբեջանին ԱՄՆ օգնություն տրամադրելու վերաբերյալ, բացատրել է Մենենդեսը:
«Ես ցանկանում եմ, որ լինի դեսպան, որն ակտիվորեն կօգնի մեզ որոշել՝ արդյոք մահապատիժները, այս խեղումները, այս այլ գործողությունները ճի՞շտ են, թե՞ ոչ, որպեսզի մենք՝ որպես քաղաքականություն մշակողներ, կարողանանք որոշում կայացնել: Կարո՞ղ եմ այս հարցում Ձեզ վրա հույս դնել»,- հարցրել է Մենենդեսը:
«Այո՛, սենատոր, և ես ավելի հեռուն կգնամ՝ ասելով, որ նման բնույթի հանցագործությունների համար պատասխանատվությունը շատ կարևոր է ինձ համար, և ես կաշխատեմ, որպեսզի համոզվեմ, որ կա նաև պատասխանատվություն», - ասել է դեսպանի թեկնածու Քվիենը:
«Առանց պատասխանատվության արդարություն չկա»,- ընդգծել է Մենենդեսը։
Շարունակելով Մենենդեսի միտքը՝ սենատոր Վան Հոլենը շեշտել է պատասխանատվության ենթարկելու կարևորությունը՝ նաև նշելով իր անհանգստությունը Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի օգնական Կարեն Դոնֆրիդի և Պետդեպարտամենտի Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերի՝ վերջին հարձակումների ժամանակ Ադրբեջանին որպես ագրեսոր հստակ ճանաչելուց հրաժարվելու վերաբերյալ:
«Սեպտեմբերին անկախ մամուլի աղբյուրների կողմից շատ լավ փաստագրվել է, որ Ադրբեջանը հարձակումներ է գործել և տարբեր տեսակի վայրագություններ է կատարել: Ես հասկանում եմ միջնորդ լինելու կարևորությունը, բայց վստահելի միջնորդ լինելու համար, իմ կարծիքով, դուք պետք է գոնե սկսեք փաստերից և պատրաստ լինեք դրանք հրապարակայնորեն հայտարարել», - հայտարարել է սենատոր Վան Հոլենը:
Արցախին ԱՄՆ-ի օգնության վերաբերյալ նախագահ Մենենդեսը նշել է, որ ինքը «խորապես մտահոգված է, որ ո՛չ Պետդեպարտամենտը, ո՛չ ԱՄՆ ՄԶԳ-ն չեն տրամադրել անհրաժեշտ մարդասիրական օգնությունը 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմի հետևանքով տեղահանված 100 000 մարդուն կամ ներկայում տարածաշրջանում բնակվողների ներկայիս կարիքներին օգնելու համար»։
Սենատորները մեկ շաբաթ ժամանակ ունեն դեսպանների թեկնածուներին լրացուցիչ հարցեր ներկայացնելու համար, որից հետո Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը, իսկ ավելի ուշ՝ Սենատի ամբողջական կազմը, հնարավորություն կունենան հաստատել թեկնածուներին։