Աղետից 34 տարի անց Գյումրիում կան երկրաշարժը հիշեցնող վերքեր, և Կառավարությունը պարտավոր է անել ամեն ինչ, որ այդ վերքերը մոռացվեն: Դեկտեմբերի 7-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը:
Փոխվարչապետը նշեց, որ ընտանիքների՝ երկրաշարժի հետևանքով անօթևան լինելու հարցը հիմնականում կարելի է լուծված համարել:
Անդրադառնալով Գյումրիում առկա տնակներին՝ փոխվարչապետն առանձնացրեց ՀՀ Քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից շրջանառվող փաստաթուղթը, ըստ որի՝ այդ տնակներն ապամոնտաժվելու են:
«Ֆիքսում ենք աշխատանքային քարտեզ, որ գալիք 5 տարվա ընթացքում Գյումրիում պետք է լուծենք ոչ հիմնական շինությունների և տնակների հարցը: Ցավոք սրտի, քաղաքում դեռ շատ տնակներ կան, և ոչ բոլոր տնակներում բնակվող քաղաքացիներն են համարվում երկրաշարժի հետևանքով տուժածներ»,-նշեց փոխվարչապետը, տեղեկացնելով, որ ծրագիրը կմեկնարկի հաջորդ տարվանից և առաջիկա հինգ տարիների ընթացքում կլուծվի տնակների և ժամանակավոր կացարանների հարցը:
Ծրագիրն իրականացվելու է փուլային տարբերակով. նախ՝ այն տնակների համար, որոնք համայնքային և պետական նշանակության հողամասերի վրա են: Տնակներում բնակվող տարբեր խմբերի համար այս հարցի լուծումը լինելու է տարբեր՝ բնակարանի գնման վկայագիր ծրագրով, կամ ֆինանսական աջակցության:
Խոսելով վթարային բնակելիների մասին՝ փոխվարչապետը տեղեկացրեց, որ հիմնական աշխատանքները կմեկնարկեն 2024 թվականին և 2026 թվականին ամբողջ Հանրապետությունում վթարային շենքերի 70 տոկոսի խնդիրը լուծված պետք է լինի: Ըստ փոխվարչապետի՝ այս պահին նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում: