Պիտի խոստովանեմ՝ սիրո և հյուրընկալության քաղաքն անչափ ուրախ էր տեսնել այսքան երիտասարդ և վառ գույներ մի հարկի տակ, անթիվ փայլող աչքեր՝ լի սպասումով։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը' անդրադառնալով «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին։
« Դե ինչ, Երևանում կայացած հոբելյանական 20-րդ «Մանկական Եվրատեսիլ»- ում հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ Oh Maman երգով։ Հայաստանի պատվիրակ Նարեն զբաղեցրեց 2-րդ տեղը։
Ավելի քան 2800 տարվա պատմություն ունեցող, բայց միշտ երիտասարդ մեր քաղաքը հնարավոր ամեն բան արեց ձեզ զարմացնելու համար։
Ես վստահ եմ՝ Երևանը գույն ունի, և մենք փորձեցինք ցույց տալ ձեզ այն, Երևանը տրամադրություն ունի, և ես լիահույս եմ, որ դուք զգացիք այն։
Երևանը հոտ ունի, և աշխարհի որ ծայրից էլ լինեք, այն դեռ կկանչի ձեզ իր մոտ։
Երևանը մեր տունն է, Երևանը մեր լավագույն ընկերն է: Ինչպես մեր լավ քաղաքացի ու սիրված երգիչ Ֆորշն է ասում,' Երևանը տուն ու շենք չէ, Երևանը մենք ենք:
Իսկ մենք Ձեզ պատրաստ ենք հյուրընկալել կրկին ու կրկին։
Շնորհակալություն բոլորիդ տոն ստեղծելու, մեր փոքրիկներին հրաշք նվիրելու և 2023-ի ձմեռը նշանավորելու համար։
Էստաֆետը հանձնում ենք Ֆրանսիային»,- գրել է նա: