Թուրք լրագրող Մուրադ Յեթքինի հետ զրույցում Թուրքիայի նախկին վարչապետ և արտգործնախարար, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության հիմնադիր առաջնորդ Ահմեթ Դավութօղլուն խոսել է Թուրքիայի և Սիրիայի փոխհարաբերությունների կարգավորման հնարավորությունից՝ նշելով, որ «կարևոր սկզբունքը կարգավորվելն է, երբ ձեռքերդ ուժեղ են», գրում է Ermenihaber-ը։
Իր խոսքը պարզաբանելու համար Դավութօղլուն մատնանշել է հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունը։
«Հիմա ճիշտ ժամանակն է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու։ Ադրբեջանն իր տարածքների մի զգալի հատվածը նաև Թուրքիայի աջակցությամբ է ստացել։ Հայաստանն ունի քաղաքական և տնտեսական խնդիրներ։ Պայմանները հարմար են, որպեսզի Թուրքիան կարողանա ստանալ այն, ինչ ցանկանում է»,-ասել է Դավութօղլուն։