Արեւմտյան Ամերիկայի հայկական կազմակերպությունները Արցախի շրջափակման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Արցախի 120 հազար բնակչությունը Լաչինի միջանցքի փակման պատճառով մեկ շաբաթից ի վեր գտնվում է Ադրբեջանի կողմից հաստատված շրջափակման մեջ։ Զրկված պարենի պաշարներից, դեղորայքից, ազատ տեղաշարժվելու իրավունքից՝ արցախահայությունը գտնվում է մարդասիրական լուրջ աղետի առջեւ։

Ցավով արձանագրում ենք, որ Ռուսաստանի խաղաղապահների ճիգերը մինչ այժմ ցանկալի արդյունքներ չեն տվել՝ սանձելու ադրբեջանական կողմի սադրանքներն ու հակահայ գործողությունները։ Միջազգային հանրությունը չպետք է անտարբեր մնա կամ բավարարվի դատապարտման պարզ կոչերով, որոնք անտեսվում են Բաքվի իշխանությունների կողմից։

Ռուսաստանը, եվրոպական կառույցներն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները պարտավոր են օգնության հասնել Լեռնային Ղարաբաղում ապրող եւ գործող խաղաղ բնակչությանը։ Մարդկային իրավունքների պաշտպանությունն առաջնահերթություն նկատող երկրները պետք է դիմեն գործնական քայլերի՝ տարաբնույթ մարդասիրական օգնություն հասցնելու համար ձմեռային եղանակային պայմաններում տառապող ժողովրդին։

Լոս Անջելեսի հայ համայնքը խստագույնս դատապարտում է Ադրբեջանի վարած հայաթափմանը միտված ցեղասպանական քաղաքականությունը։

Մենք պահանջում ենք Սպիտակ տնից, որպեսզի գործնական միջոցներ ձեռք առնի, ներառյալ օդային մարդասիրական կամուրջ հաստատել եւ Ստեփանակերտի օդանավակայան հասցնել մեծ քանակությամբ պարեն, դեղորայք, հիվանդանոցային գույք եւ այլ անհրաժեշտ ապրանքներ՝ ապահովելու արցախահայության ֆիզիկական գոյությունն իր պատմական հայրենիքում։

Կոչով դիմում ենք Ներկայացուցչական տան եւ սենատի անդամներին, որպեսզի միանան դատապարտման ալիքին, պատժամիջոցներ ձեռնարկեն Ադրբեջանի դեմ եւ գործադրության դնեն թիվ 907 բանաձեւը՝ արգելելով բոլոր տեսակի զինվորական օժանդակություններն այդ երկրին։

Վերջին այս իրադարձությունները, որոնց շարքում նաեւ գազի մատակարարման դադարեցումն է, մեկ անգամ եւս փաստում են, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող դառնալ Ադրբեջանի մաս։ Միջազգային հանրությունը պետք է հաստատի այս իրողությունը՝ ճանաչելով արցախահայության ազատ ինքնորոշման իրավունքը»,- նշված է հայտարարության մեջ:

Հայտարարության տակ ստորագրել են՝

ՍԴՀԿ Արեւմտյան Ամերիկայի Վարիչ Մարմին

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե

ՌԱԿ Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն

Ամերիկայի Հայկական Համագումար

«Կայծ» Երիտասարդական Միություն

Հայ-Ամերիկյան Խորհուրդ

Հայ Երիտասարդաց Դաշնակցություն (ՀԵԴ), Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Վարչություն

Հայ Իրավաբանական Միություն

Հայ Իրավանց խորհուրդ

Հայ Մարմնամարզական Միություն

Հայ Օգնության Միություն, Արեւմտյան Ամերիկայի Շրջանային Վարչություն

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն, Արեւմտյան Շրջան

Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Միություն

Պոլսահայ Միություն:

Նաև նշվում է, որ վերոհիշյալ հայտարարությանը կառույցների միացումը շարունակվում է: