Բերձորի միջանցքի փաստացի շրջափակման ֆոնին կառավարության այսօրվա նիստը աչքի ընկավ ռուս խաղաղապահ զորախմբի դեմ Նիկոլ Փաշինյանի և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հասցեական մեղադրանքներով: Հայաստանի իշխանությունները այլևս չեն էլ թաքցնում, որ վիճակի գլխավոր մեղավոր և պատասխանատու են համարում հենց ռուսական կողմին:

Ուշագրավ է, որ ռուսական կողմից պատասխանը չուշացավ: Նախ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, այնուհետև ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեցին, որ ռուս խաղաղապահ առաքելությունը կատարում է իր վրա դրված պարտականությունները ողջ ծավալով և նման մեղադրանքները անընդունելի են:

Այս հեռակա կրակոցների փոխանակումից հետո հայտնի դարձավ, որ հայկական կողմը հրաժարվել է մասնակցել վաղը Մոսկվայում նախատեսված ԱԳՆ նախարարների եռակողմ հանդիպմանը, որի ընթացքում պետք է քննարկվեր ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագիրը:

Թեև հայկական կողմը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը, Փաշինյանի այսօրվա խոսքերից պարզ է դառնում, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելու գաղափարից իշխանությունները այնուհանդերձ չեն հրաժարվել և ցանկանում են դա անել մինչ տարեվերջ: Մինչդեռ շաբաթներ առաջ ելույթ ունենալով ԱԺ-ում նույն Փաշինյանը հայտարարում էր, որ մինչ տարեվերջ խաղաղության պայմանագիր ստորագրելը գրեթե անհավանական է: Ի՞նչ փոխվեց: Փաշինյանը կրկին օրակարգ է բերում խաղաղության պայմանագիր ստորագրելու թեզը Ռիչարդ Մուրի՝ Հայաստան կատարած այցից անմիջապես հետո: Ավելին, հայկական կողմը բացում է փակագծերը, թե ինչ առաջարկներ է ներառել այդ պայամանագրի տեքստում: Դիցուք՝ առաջարկվել է այսպես կոչված գարանտորների ինստիտուտ, միջազգային կազմակերպությունների, պետությունների կողմից՝ որպես երաշխավոր, այսինքն՝ խաղաղության պայմանագրի երաշխավորների ինստիտուտ։ Դա կկարողանա ապահովել այդ պայմանագրի իրականացումը։ Նաև առաջարկ է եղել, որ մեխանիզմ ստեղծվի միջազգային դատարան դիմելու։

Այսինքն' ակնհայտ է, որ հայկական կողմի առաջարկները հակասում են Մոսկվայի նպատակներին՝ կապված տարածաշրջանում իր դիրքերը ամրապնդելու հետ: Եթե խաղաղության պայմանագիրը կնքվի այս տեսքով, ապա ռուս խաղաղապահները ստիպված են լինելու լքել Արցախը, իսկ նրանց փոխարեն գարանտ են դառնալու այսպես կոչված' միջազգային ինստիտուտները: Փաստացի այն կազմակերպությունները, որոնք 11 օր շարունակ լռում են և աչք են փակում Բերձորի միջանցքի շրջափակման և Ադրբեջանի կողմից՝ ստանձնած պարտավորությունները խախտելու վրա: Սա, սակայն, չի կանգնեցնում Փաշինյանին և թիմակիցներին և, կարծես թե, նրանք հակված են մինչև տարեվերջ ամեն գնով ռուսական կողմին դուրս մղել տարածաշրջանից, համենայնդեպս պաշտոնական հռետորաբանությունը և Մոսկվայի նյարդային արձագանքը հենց այդ մասին է վկայում...