Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը հանդիպել է առաքող և արտադրող ընկերությունների ղեկավարների հետ՝ տեղեկանալու Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակում նրանց խնդիրների մասին, ինչպես նաև՝ քննարկելու պարենային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Ինչպես հայտնում են պետական նախարարի աշխատակազմից, խորհրդակցության մասնակիցները հավաստիացրել են, որ շրջափակման իրավիճակում իրենց համար առաջնային է հանրային ու պետական շահը, և պատրաստակամություն են հայտնել Կառավարության հետ համագործակցված աշխատել՝ ճգնաժամին միասնաբար դիմակայելու համար:

Գործարարներն առաջարկել են նաև անհրաժեշտության դեպքում դիտարկել իրենց տնօրինության տակ գտնվող ենթակառուցվածքների օգտագործման հնարավորությունը՝ առկա պաշարները պահպանելու և համաչափ բաշխելու հարցում:

Ռուբեն Վարդանյանը ողջունելի է համարել նրանց մոտեցումն ու դիրքորոշումը՝ ընդգծելով այս բարդ իրավիճակում առկա խնդիրների քննարկման և համատեղ լուծումներ գտնելու կարևորությունը: