Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ է ներկայացրել 15 զինծառայողի մահվան պատճառ դարձած հրդեհի դեպքից, վարչապետը նախ նշեց, որ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ստորագրել է կարգադրություն հետևյալ վերնագրով՝ «Զինված ուժերի զորամասերում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին», որում հստակ հրահանգավորել է, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։
«7-րդ կետում նշվում է՝ խստիվ արգելել վառարանների շահագործման համար որպես կպչան ավտոբենզին, նեֆրազ և այլ տեսակի դյուրավառ հեղուկների օգտագործումը, դրանք պահպանել այլ հեղուկներից առանձին։ Սա զինվորական բարձրաստիճան պաշտոնյայի տված հրամանն է, և այս հրամանի պարզ պահպանումը թույլ կտար չունենալ այս դեպքը»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ վառարանը վառելու համար հատուկ այրիչներ են բաժանված, որպեսզի լրացուցիչ միջոցների կարիք չլինի։
Վարչապետը հայտնեց, որ նախնական տվյալներով՝ զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում փորձ է արվել բենզինը օգտագործել վառարանը վառելու համար։
«Նախնական տվյալներով՝ փորձ է արվել 5 լիտրանոց տարայից բենզին լցնել վառարանի մեջ։ Բնականաբար, երբ բաց կրակ է եղել, այրվել է ոչ միայն վառարանը, այրվել է բենզինը, հրդեհն անցել է վառարանը վառել փորձող սպային, որից հետո սպան, ինքնապաշտպանական բնազդից ելնելով, այդ հինգ լիտրանոց բենզինը շպրտել է զորամասի կացարանի ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հույս ունի, որ Գլխավոր դատախազությունը, Քննչական կոմիտեն կաշխատեն և ի հայտ կբերեն բոլոր հանգամանքները։