Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպմանը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաեւ «Նոր զովք» սուպերմարկետում հայտնաբերված խախտումներին, ըստ որի՝ ընկերությունը պետությանը 4,1 մլրդ դրամ հարկ չի վճարել։
«Ոչ մեկի անմեղության կանխավարկածը չխախտեմ, բայց հայտնաբերվել է, որ մի սուպերմարկետ 4 միլիարդ դրամի հարկ չի վճարել, երեկ մի ռեպորտաժ տեսա, ասացի՝ մեկնաբանությունները նայեմ, մարդիկ գրում էին, որ էս սուպերմարկետին բռնել են, որ էն մյուսի գործերը լավ գնա։ Ասում են՝ էլի սարքեցիք։ Ոչ ոք չի ասում՝ դա իրականությո՞ւն է, թե՝ ոչ։ Ասում են՝ սարքեցին, «Նոր Զովքը» փակում են, որ «Երեւան Սիթին», «Քարֆուրը» ավելի լավ աշխատի։ Եղավ, ձեր ասածն է, հրապարակային դատավարությունը ցույց կտա՝ ինչը ինչի համար է եղել։ Բոլորը պետք է վճարեն հարկերը, հարկերի չվճարումը պետք է պետական համարժեք արձագանք ստանա»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք՝ «Նոր զովք» ընկերությունը 2019թ․-ից մինչեւ 2023թ․-ի հունվար ամիսը՝ թաքցնելով իրական իրացման շրջանառությունը, թերհայտարարագրել է շուրջ 13․2 մլրդ դրամի հարկվող օբյեկտ, իսկ պակաս վճարված հարկը կազմել է շուրջ 4․1 մլրդ դրամ։
«Նոր Զովքի» սեփականատերը, ընկերության տնօրենը, գլխավոր հաշվապահը եւ ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող մեկ այլ ՍՊԸ–ի սեփականատերը կալանավորվել են։