Հայկական PR ասոցիացիայի նախագահ Աստղիկ Ավետիսյանի որդու վրա հարձակման ու մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքով նախաձեռնված վարույթի շրջանակներում մինչ այս պահը ոչինչ բացահայտված չէ:

«Վարույթը չի կարճվել, բայց ընթացքի հետ կապված որեւէ տեղաշարժ չկա: Իմ տպավորությամբ ՝ ոստիկանությունն իր տեղում դոփում է, քննչական կոմիտեն իր տեղում է դոփում, իրար ներսում ընդհանուր համագործակցություն ես չեմ տեսնում: Մեկին մի բան ես հարցնում, ասում է՝ էն մյուսն է դրանով զբաղվում, էն մյուսին ես հարցնում, ասում է՝ էն մյուսն է զբաղվում:

Այսինքն, ընդհանուր առմամբ գործը տեղից չի շարժվում»,- Aravot.am-ին ասաց Աստղիկ Ավետիսյանը: Նրա խոսքով, երբ ֆիզիկական վնաս է հասցվում մարդուն, գոնե հիվանդանոցում կամ այնտեղ գտնվելու ժամանակահատվածում պետք է մոտենան ու արձանագրեն՝ ինչ խնդիրներ են ծագել: Բայց մարդը ամբողջությամբ առողջանում է, հետո նոր քննչականը սկսում է հարցաքննություն իրականացնել, դրանից հետո նոր ուղարկում են դատաբժշկական փորձաքննության: Իսկ այդ ժամանակահատվածը կարող է մեկ ամիս տեւել, ինչը նշանակում է, որ մինչեւ գնում, հասնում ես դատաբժշկին, արդեն առողջացած են լինում վնասված հատվածները: Աստղիկ Ավետիսյանը նկատեց, որ իր տղայի գործով ամեն ինչ այնքան ուշ է արվել, որ որոշակի բացահայտումներ այլեւս հնարավոր չեն. «Օրինակ՝ մինչեւ հիմա չհասկացանք՝ մե՞կ հոգին է խփել, թե՞՝ երկու հոգի, գլորման պահին գլուխը որտեղ է խփել կամ ինչ է եղել:

Լիքը հարցադրումների պատասխան չտեսանք: Ընդամենը տեսանք տեխնիկական աշխատանք, որը իրականացվում է, ու ընդ որում՝ այդքան բան էլ արվեց իմ բարձրաձայնելուց հետո: Եթե այդ բարձրաձայնումն էլ չլիներ,միանգամից հանցագործության մասին հաղորդումն էլ չէին ընդունի, այս գործը կփակեին, կգնային: Բայց սա նշանակում է, որ մենք թողնում ենք, որ այս ամենաթողության պայմաններում խուլիգանությունն ավելի մեծ թափ ստանա, ու այն մարդիկ, որոնք խուլիգանություն են անում, նրանց ձեռքերն ավելի ազատ դառնան: Ամեն մեկը կարող է դուրս գալ փողոց ու ինչ-որ մեկին խփել, հայհոյել, անցնել առաջ»: