Կառավարություն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում հաստատեց ՀՀ բուհերի և գիտական կազմակերպությունների 2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2022/2023 ուստարվա ասպիրանտուրայի ընդունելության մրցույթի արդյունքում համապատասխան չափանիշներին բավարարող դիմորդներ (որոշ մասնագիտություններից գծով ընդհանրապես չեն դիմել) չլինելու պատճառով թափուր է մնացել 40 տեղ (2021/2022 ուսումնական տարում թափուր էր մնացել 60 տեղ /42 առկաև 18 հեռակա/), որից 24-ը առկա և 16-ը հեռակա ուսուցման համակարգում: Դիմորդներ չլինելու պատճառով թափուր մնացին նաև Լեռնային Ղարաբաղին հատկացված տեղերը:
Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
2022/2023 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ հատկացված ընդհանուր 151 տեղերից 95-ը (62.91%-ը) տրամադրվել է բնական և տեխնիկական գիտություններին, իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից բնական և տեխնիկական գիտություններին տրամադրվել է 20-ը (57.14%-ը):
2023/2024 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար 2023-2025 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրերով (ՄԺԾԾ) նախատեսվել է հատկացնել 186 անվճար տեղ, որից 151-ը առկա և 35-ը հեռակա ուսուցմամբ, ինչպես նաև ևս 24 տեղ նախատեսվում է միջպետական համաձայնագրի շրջանակներում ընդունելության համար:
Առկա ուսուցման 151 տեղերից 98-ը (65%-ը)նախատեսվում է տրամադրել բնական և տեխնիկական գիտություններին: Հեռակա ուսուցման 35 տեղերից հիշյալ ոլորտին նախատեսվում է տրամադրել 17-ը (49%-ը):
Բացի այդ հիշյալ 186 տեղերից 10-ը գերատեսչությունների (Պաշտպանության նախարարություն, Ազգային անվտանգության ծառայություն, Էկոնոմիկայի նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և Լեռնային Ղարաբաղ) հայտերն են 4 առկա և 6 հեռակա(նաև ոչ բնագիտական),որոնք ամբողջությամբ նախատեսված են ըստ համապատասխան բուհերի, կազմակերպությունների և մասնագիտությունների:
Նախագծի ընդունմամբ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակովերիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը: