Հանրայինի եթերում հերթական անգամ պետպատվերի շրջանակներում հյուրընկալվել էր ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որի հարցազրույցի ամբողջ նպատակը կարմիր թելով կրկին հակառուսականության քարոզչությունն էր՝ անգամ «սենսացիոն» հիմնավորումներով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
«Ամբողջ հաղորդման ընթացքում նա ուղղակիորեն մեղադրում էր Ռուսաստանին ո՛չ միայն այսօրվա անվտանգային ճգնաժամի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի, այլև՝ 44-օրյա պատերազմի հրահրման մեջ:
Տարակուսանք կարող է առաջացնել Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին այսօրվա հեռախոսազրույցից հետո նման հարցազրույցի ձայնագրումն ու ԱԽՔ-ի նմանատիպ պոռթկումը:
Կարող ենք ենթադրել, որ հեռախոսազրույցը հարթ չի անցել, մեղմ ասած, և Երևանի իշխանավորները փորձում են Հ1-ի եթերում «ատամ ցույց տալ», ինչն ակնհայտորեն ձախողված դիվանագիտության մասին է վկայում,
5 տարի Հայաստանի և Արցախի արյունն ու միջոցները ծծող մակաբույծներն այդպես էլ չեն հասկացել, թե ինչ է նշանակում պետություն և պետականություն ու , շարունակաբար դրսևորելով պրիմիտիվ աճպարարություններ, մանիպուլյացիոն գործիքակազմը դարձրել են սեփական իշխանությունը պահելու ճղճիմ գործիք:
Չհասկանալով գլոբալ աշխարհաքաղաքականությունից, սրանք չեն կարողանում կատարել նաև տարածաշրջանային զարգացումների կանխատեսումներ:
«Ռուսաստանն է մեղավոր» թեզիսը դարձնելով սեփական ձախողումների արդարացման, բացատրության պատճառ, միայն ավելի են սրում ու խորացնում են իրավիճակը:
Այլընտրանքային անվտանգային համակարգեր չստեղծած ու եղած համակարգերը քանդող տգետ իշխանիկներն այդպես էլ չեն հասկացել, որ, օրինակ՝ Հայաստանը 2013-ին ԵԱՏՄ կազմ չի մտել մի պարզ պատճառով, որովհետև ԵԱՏՄ-ն ստեղծվել է 2015-ին, իսկ Հայաստանը մտել է 2015-ի հունվարի 2-ին, իսկ 2013-ին Հայաստանը մտել էր Մաքսային միություն:
Նրանք չեն հասկացել, որ ոչ մի պետություն պարտավոր չէ քո փոխարեն կանխել պատերազմը, իսկ ոչ քո մեղքով պատերազմ սկսվելու դեպքում՝ պայքարել այդ պատերազմի ժամանակ, կռիվ տալ և ջանքեր գործադրել թե՛ ռազմաճակատում, թե՛ դիվանագիտության մեջ.
* պոզիտիվ օրինակ ՝ քառօրյա պատերազմ 2016 թվականին,
* նեգատիվ օրինակ՝ 44-օրյա պատերազմ 2020 թվականին:
ԱԽՔ-ի միջոցով հերթական անգամ հնչեց այն թեզը, որ այս իշխանությունների համար կարևոր է ընդամենը հայերի բնակությունն Արցախում, ընդ որում ՝ միֆական իրավունքների և անվտանգության քողի ներքո:
Այսինքն՝ կրկին բաց տեքստով ակնարկվեց, որ Արցախը լինելու է Ադրբեջանի կազմում և ընդամենն այնտեղ հայերի բնակության խնդիրն է դրվում:
Սույն արձագանքս բացարձակ ուղղված չի ռուսական քաղաքականությանը տարածաշրջանում արդարացնելուն, քանզի ինքս ունեմ բազմաթիվ հարցեր այդ կապակցությամբ և դրանք հնչեցրել եմ. Հ1-ի տաղավարում «թառած» Պետրոսի ականջից հեռու, որը նաև նման հարցերի պատասխաններ էր ուզում ընդդիմությունից, բայց այդպես էլ 4.5 տարի ռիսկ չի անում հրավիրել ինձ իր տաղավար:
Եվ իհարկե, այսօրվա թեզերից հիմարագույնն այն էր, որ Լաչինի միջանցքն ամբողջությաբ պատկանում է Ռուսաստանին:
Տարրական գիտելիքներ ունեցող մարդիկ շատ լավ գիտեն նման դեպքում «պատկանել» եզրույթի ողջ իմաստը:
Ի մի բերելով Արմեն Գրիգորյանի հարցազրույցը, կարելի է անել հետևյալ եզրակացությունները ՝
* «սաղ» ռուսներն են մեղավոր,
* Պուտինի հետ հեռախոսազրույցը «լավը» չէր,
* Արցախը պատկանում է Ադրբեջանին, այնտեղ հայերը պետք է ընդամենը ապրեն, իսկ Լաչինի միջանցքը՝ Ռուսաստանին,
* Արմենին, Նիկոլին և մնացյալին պատկանում են միայն նրանց՝ դեռևս մինչ այսօր զբաղեցրած գերատեսչությունների աթոռները:
Ի դեպ, սրանք այնքան են խճճվել սեփական տեղեկատվական արտաթորանքի մեջ, որ հիմա էլ պնդում են, թե՝ գնում են բանակցությունների, թեպետ օրեր առաջ հայտարարում էին, թե բանակցություններ չկան:
Հ. Գ. Արցախում էթնիկ զտման վտանգի մասին խոսում է մի իշխանության ներկայացուցիչ, որի ղեկավարն ապրիլի 24-ի Հայոց Ցեղասպանության ուղերձն ակնհայտորեն թուրքական ելևէջներով էր գրել, մի ղեկավարի, որ անգամ եղած ցեղասպանությունն է ուրանում.
* Ո՞վ է հավատալու նախորդ ցեղասպանությունն ուրացած ղեկավարի «ահազանգերին»,
* Ո՞վ է հավատալու էթնիկ զտման վտանգի՝ նիկոլենց «ահազանգներին», երբ ընդամենը 2 օր առաջ ապրիլի 24-ին ունեին միջազգային հրաշալի առիթ՝ զուգահեռներ անցկացնելու Հայոց Ցեղասպանության և Արցախի շուրջ այսօրվա ծավալվող նախացեղասպանական իրավիճակի միջև»։